‘Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ի առաջարկը լուրջ չի համարում’

2078

«Սրանք անձի հայտարարության հիման վրա ինչ-որ հանդիպումներ են. մարդը եկել է, դուռը թակել է, խնդրել է հանդիպում, նրան ընդունել են»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով iLur.am-ի թղթակցի հարցին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ խորհրդարանական կառավարման և 100% համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի մասին:

«ԲՀԿ-ն եթե նման ծրագրային առաջարկություններ է անում, պետք է ունենա դրա վերաբերյալ պաշտոնական որոշում՝ ներառված իր ծրագրի մեջ: Դա դեռ ծրագրային որոշում չէ: Նաիրա Զոհրաբյանը իր անձնական նախաձեռնությամբ գնում է տարբեր քաղաքական կազմակերպություններ: Կուսակցական դիրքորոշումը պետք է որոշմամբ ընդունված լինի: Եթե մի մարդ իրենց կուսակցությունից նախաձեռնում է կոնսուլտացիաներ՝ առանց որևէ որոշման, ապա ես չեմ կարող դիտարկել, որ դա ԲՀԿ պաշտոնական կարծիքն է»,- ասաց Փոստանջյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե դա իրոք լուրջ քաղաքական նախաձեռնություն է, պետք է լինի որոշման հիման վրա, պետք է լինի ճանապարհային քարտեզ և այլն:

«Հատկապես՝ երբ այս նախաձեռնությունը՝ որպես իրենց ծրագրային դրույթ, ունեն նաև այլ քաղաքական կազմակերպություններ: Ես սա լուրջ չեմ համարում, հատկապես՝ երբ գալիս եք մի կուսակցության մոտ, որի ծրագրային դրույթն է դա հանդիսանում: Այս համատեքստում, դա իհարկե լուրջ չէ»,- նշեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Մեսին պահանջում է բարձրացնել աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Հուսով էի՝ գոնե վերաքննիչ դատարանում ինչ-որ բան կփոխվի’