‘Զարուհի Փոստանջյան. Բաղրամյան 26-ը ես դիտարկում եմ որպես ՀՀ քաղաքացիների թշնամի’

1144

Բաղրամյան 26-ը ես դիտարկում եմ որպես ՀՀ քաղաքացիների թշնամի, կցանկանայի, որ Բաղրամյան 26-ը, ինչպես նաև՝ Նալբանդյան փողոցում տեղակայված ԱԱԾ մեկուսարանը, դառնային թանգարան, և ընդհանրապես՝ նախագահական ինստիտուտը պետք է վերացնել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված կարծիքները, թե «Ժառանգությունը» կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանի մեկ այլ թեկնածուի համար, ինչպես արեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Փոստանջյանը պատասխանեց, որ դեռ առաջադրումներ չեն եղել, ու պաշտոնական առաջադրումներից հետո իրավիճակը պարզ կլինի:

«Բացառում եմ, որ այս պահին կարող է որևիցե մեկի օգտին իր թեկնածությունը հանի: Նա մեր հասարակության հավաքական թեկնածուն է, և ես կարծում եմ, որ հավաքական այն թեկնածուն է, որ ընդդիմադիր է եղել բոլոր երեք նախագահներին»,- ասաց պատգամավորը:

Ամփոփելով քառօրյան՝ Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ ընդունված բյուջեի նախագիծը որևիցե կերպ մեր հասարակության սոցիալական վիճակը չի բարելավելու, նաև տեղեկացրեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հայաստանի տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիներին համապետական ընտրություններին մասնակցելու արգելքի սահմանադրականությունը: Ստորագրահավաքին առայժմ միացել է 13 պատգամավոր:

Նախորդ հոդվածը‘«Հայոց պատմություն» դասագրքում կեղծվել է 1988-ից ի վեր ամբողջ պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Իրենց մոտ իրոք ճգնաժամ է, այն էլ՝ անբուժելի ‘