‘Զբաղվածության կարգավորում, առողջապահություն, հաշմանդամների սոցիալական պաշտպանություն. ԼՂՀ կառավարությունը քննարկել է 2013-ի տարեկան ծրագիրը ‘

1272

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից: Բացելով նիստը` կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ԼՂՀ 2013թ. պետբյուջեի ձևավորման համար նախապես հարկ է ընդունել մի շարք պետական ծրագրեր և այլ իրավական փաստաթղթեր, որոնց մի մասն արդեն պատրաստ է քննարկման: Օրակարգում ներառվել են, մասնավորապես, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, առողջապահական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2013թ. տարեկան ծրագրերը: Քննարկելով այդ փաստաթղթերը` գործադիրը հավանություն է տվել դրանց, որոնք և «ԼՂՀ 2013թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի հետ կներկայացվեն խորհրդարան:

Այսօրվա նիստում ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է ստեղծել ԼՂՀ Շահումյանի շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել այդ կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը:

Գործադիրը հաստատել է քաղաքաշինության նախարարության կողմից Ստեփանակերտ քաղաքի N1 հիմնական դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացված գնման արդյունքները: Այդ օբյեկտի շինարարությունը կիրականացնի «Պանտ» ՍՊԸ-ն: Կառույցի արժեքն է ավելի քան 1 մլրդ 563 մլն դրամ: Շինարարությունը հովանավորում է մոսկվաբնակ հայ գործարար Ն.Սարկիսովը: Քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանի պարզաբանմամբ` նոր դպրոցը նախատեսվում է 600 աշակերտի համար և կունենա ուսուցման արդիական պայմաններ:

Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել բնապահպանական ոլորտի գործունեությունը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես որոշակիացվել են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը վերապահվող լիազորությունների շրջանակը, այդ կառույցին ենթակա բնական ռեսուրսների կառավարման գործակալության, բնապահպանական և ընդերքի պետական տեսչության գործառույթները:

Գործադիրի ընդունած որոշումներից մեկով` շարժական գույքի հաշվառման լիազոր մարմնի իրավասությունները փոխանցվել են արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը. նախկինում այդ գործառույթը կատարում էր այլևս լուծարված տնտեսական զարգացման նախարարությունը:

Այսօր հաշվետվությամբ հանդես եկավ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Ս.Շահվերդյանը: Նրա հաղորդմամբ` անցած սեպտեմբերին, ապա նոյեմբերի սկզբին իր ղեկավարած գերատեսչությունը մասնակցել է Փարիզի, այնուհետև Լոնդոնի զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառներին և ունեցել նշանակալից հաջողություն: Ս.Շահվերդյանի խոսքով` հաստատվել են նոր կապեր արտասահմանյան գործընկերների հետ, քարոզվել են Արցախի զբոսաշրջային լավ պայմանները, ինչի շնորհիվ նոր ակտիվություն է սպասվում մեր հանրապետության համար առաջնային դարձած այդ ճյուղում:

Հաշվետվության քննարկման ընթացքում պահանջ դրվեց լիովին բարեկարգել  և ուժեղ վերահսկողության տակ առնել զբոսաշրջային գոտիները, ինչպեսև` որոշակիացնել դրանց կարգավիճակը:

Վերջում վարչապետ Ա.Հարությունյանը ներկաներին հիշեցրեց, որ նոյեմբերի 22-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որին պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաև ամբողջ Արցախը: Յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է` կարելվույն չափ մասնակից լինել համազգային հանգանակությանը, հայտարարել է Ա.Հարությունյանը: Հավաքված միջոցները գերազանցապես կուղղվեն Արցախում գյուղական համայնքների զարգացմանը:

Օրենքով սահմանված ժամկետում պետբյուջեի նախագծի քննարկումներն ավարտելու նպատակով որոշվեց կառավարության հաջորդ նիստը գումարել մեկ շաբաթ անց` նոյեմբերի 27-ին: Այդ օրը գործադիրը կանդրադառնա պետբյուջե-2013-ին առնչվող փաստաթղթերի փաթեթին:

 

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքն ընդդեմ հալածանքների արգելվել է՝ հալածանքների վերաբերյալ օրենքի բացակայության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով նիստը տեղի չի ունեցել’