‘Զելենսկի․ «Ես միջազգային անցուդարձին համացանցից եմ տեղեկանում»’

1089

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի արտաքին գործերի նախարարությունը իր հետ չի համաձայնեցրել պատասխանը Ռուսաստանի նոտային՝ Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու հարցով։

«Ես մեր միջազգային քայլերի մասին ինտերնետից եմ իմանում»,- ասել է Զելենսկին Կիևում ճեպազրույցի ժամանակ։

Նախագահի խոսքով՝ ինքը չի տեսել Ռուսաստանի նոտային Ուկրաինայի պատասխանը, քանի որ ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը «հարկ չի համարում նման հարցերը քննարկել Ուկրաինայի նախագահի հետ»։

Զելենսկին արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջել է հրապարակավ պարզաբանել իր գործողությունները, քանի որ դրանք կարող են վտանգի տակ դնել նավաստիների ազատագրումը։

«Ուզում եմ դիմել նախագահ Պուտինին։ Մենք բոլորս երեխաներ ունենք։ Երեխաներին վերադարձրեք իրենց ծնողներին»,- հավելել է Զելենսկին։

Ի պատասխան՝ Կլիմկինը հայտարարել է, որ իր գերատեսչությունը լիազորված էր ռուսաստանյան նոտային պատասխան ուղարկել՝ առանց նախագահի հետ համաձայնեցնելու։

Դեռևս մայիսի 30-ին Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել էր ազատել Կլիմկինին ԱԳՆ ղեկավարի պաշտոնից, սակայն հունիսի 6-ին խորհրդարանում առաջարկը բավարար ձայներ չէր ստացել։

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինան, ըստ էության, հրաժարվել է Ռուսաստանի հետ քննարկել ուկրաինացի նավաստիների ազատ արձակման  և ուկրաինական նավերը Կիևին վերադարձնելու հարցը։ «Կիևին ոչ թե նավաստիներն են հարկավոր, այլ աղմուկը նավաստիների շուրջ։ Հենց այդ նպատակով էլ 2018 թ․ նոյեմբերին նրանց ուղարկել էին Կերչի նեղուց»,- Facebook-ում գրել է Զախարովան։

Փոխանցում է BBC-ն։

 

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլի» գլխավոր մարզիչի թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլի նորընտիր քաղաքապետը ստանձնել է պաշտոնը’