‘Զեկույց. Շարունակվում է գերակա մնալ զինծառայողների անհրաժեշտ թվի ապահովումը’

1261

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2013 թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչի գործընթացի եւ զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը:

Զեկույցը ներկայացնում է 2013 թ. գարնանային զորակոչի (մայիս-հուլիս ամիսների) ընթացքում բացահայտված օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները, որոնք արձանագրվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Կազմակերպությունը շարունակում է իրականացնել զորակոչի գործընթացի մշտադիտարկում՝ նպատակ ունենալով բացահայտել զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերը, տրամադրել իրավական աջակցություն, գտնել համապատասխան լուծումներ: Բացի այդ, մշտապես տրամադրում է իրավական աջակցություն զորակոչիկներին եւ նրանց հարազատներին, փորձում պաշտոնական տեղեկատվություն ստանալ զորակոչի առնչությամբ համակարգային խնդիրների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ 2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ե՛ւ նախազորակոչային, ե՛ւ զորակոչային ժամանակահատվածում զորակոչիկների եւ նրանց հարազատների կողմից շարունակվել են բողոքները եւ մտահոգությունները՝ կապված ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման հետ, որի հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկները զորակոչվում են զինվորական ծառայության: Այսպիսով, շարունակվում է գերակա մնալ զինծառայողների անհրաժեշտ թվի ապահովումը՝ անտեսելով նրանց առողջական խնդիրները։

Եզրահանգումներում նշվում է, որ վերլուծելով 2013 թ. գարնանային զորակոչի գործընթացը՝ արձանագրել են հետեւյալ խնդիրները.

 Օրենսդրության

1. Բացակայում է զորակոչի կազմակերպման ընթացքում բժշկական զննության եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմը

2. Օրենսդրորեն չի կարգավորվում զորակոչիկի մոտ մի քանի հիվանդության զուգակցման պարագայում պարտադիր զինվորական ծառայության պիտանիության խնդրի լուծման կարգը

3. Զորակոչի ընթացքում փոխվեց զորակոչի կազմակերպման կարգը, որը, ըստ էության, հանդիսանում է իրավական որոշակիության սկզբունքի խախտում, սակայն ըստ առողջական խնդիրների զինվորական ծառայության պիտանիության որոշման չափորոշիչները մնացին չհստակեցված

4. Հանրապետական բուժզննություն անցնելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում բավարար չափով

5. Բացակայում է շարային եւ սահմանափակումներով ծառայության տեսակները կարգավորող ենթաօրենսդրական ակտը:

 Օրենսդրության կիրառման

1. Զորակոչի ընթացքում չի ապահովվում զորակոչիկների պարտադիր համալիր բժշկական հետազոտության իրականացումը` օրենքով նախատեսված ամբողջ ծավալով

2. Առաջին անգամ տարկետում ստացած զորակոչիկները միեւնույն հիվանդությունների առկայության դեպքում հաջորդ զորակոչին առանց հիմնավորման զորակոչվում են զինծառայության

3. Սահմանափակումներով ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողները ընդգրկվում են շարային ծառայության մեջ

4. Չեն գնահատվում զինծառայությանը բնորոշ ծանրաբեռնվածության պայմաններում առողջական վիճակի հնարավոր զարգացումները

5. Զորակոչիկներին զինծառայությունից ազատելու փոխարեն՝ տրամադրվում են օրենքով սահմանված չափից ավելի տարկետումներ:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են.  

1. Ըստ առողջական խնդիրների՝ զորակոչիկների՝ զինվորական ծառայությանը պիտանիության կարգը սահմանել օրենքով  

Մինչ համապատասխան օրենքի ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410 հրամանում կատարել հետեւյալ փոփոխությունները.

2. Հստակեցնել հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունների սահմանումը՝ ըստ նրանց աստիճանների

3. Ամրագրել զորակոչիկին նրա առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ բժշկական զննության եզրակացության մասին ակտի պարտադիր տրամադրումը` անկախ նրա դիմումի առկայությանը

4. Սահմանել զորակոչիկի մոտ մի քանի հիվանդությունների զուգակցման պարագայում զինծառայությանը պիտանիության որոշման կարգը

5. Զորակոչիկի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ բժշկական եզրակացության ակտում որպես պարտադիր պայման ներառել զինվորական ծառայությանը բնորոշ ծանրաբեռնվածության պայմաններում նրա առողջական վիճակի հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումների գրառումը եւ դրանց վատթարացումը կանխարգելող ցուցումները

Օրենսդրության կիրառումը

1. Ապահովել սահմանափակումներով ծառայությանը պիտանի ճանաչված զինծառայողների ներգրավումը բացառող, կանխարգելող, անկախ վերահսկողական մեխանիզմ

2. Ապահովել զորակոչիկների եւ զինծառայողների պարտադիր համալիր բժշկական զննությունը` անկախ գանգատների առկայությունից

3. Զորակոչիկների բուժզննության վերաբերյալ ախտորոշումը համապատասխանեցնել առողջության իրական վիճակին:

 Զեկույցն ամբողջությամբ` այստեղ

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» — «Շտուտգարտ» 6-1. Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վերլուծի՛ր ՀՀԿ-ի արձագանքները’