‘Զեկույց. 2013 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32%’

1233

Հայաստանը դեռ չի վերականգնել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշը։ Այժմ աղքատներն ավելի շատ են, քան 2009-ի տնտեսական ճգնաժամից առաջ:

Սա է փաստում երեկ հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որի հեղինակներն են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը և Համաշխարհային բանկը:

«Ազատությունը» գրում է, որ զեկույցի համաձայն՝ թեև 2012-ի հետ համեմատած 2013-ին աղքատ բնակչությունը աննշան կրճատվել է՝ 32.4 տոկոսից իջնելով 32 տոկոսի, սակայն այս թիվը, միևնույն է, մեծ է նախաճգնաժամային թվից։ 2008-ին, օրինակ, աղքատ էր բնակչության 27.6 տոկոսը։

2009-ին Հայաստանում տնտեսական անկումը կազմեց 14.1 տոկոս (ըստ ԱՎԾ տվյալների), և այդ առումով մեր երկիրը գրանցեց չորրորդ վատագույն ցուցանիշը աշխարհում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ճգնաժամին հաջորդած տարիներին գրանցված աճի շնորհիվ 2013-ին Հայաստանի տնտեսությունը վերականգնել է 2008-ի ծավալները: 2013-ին՝ 2008-ի հետ համեմատած, տնտեսության ծավալներն անգամ 2 տոկոսով աճել են, սակայն, աղքատների թիվը չի պակասել:

Զեկույցի համաձայն, 2013-ին Հայաստանի ամենաաղքատ մարզը, ինչպես 2008-ին, Շիրակն էր․ անցած տարի այնտեղ աղքատ էին 45.9 տոկոսը: 2013-ին ամենաբարեկեցիկը Վայոց ձորում էին․ աղքատների թիվը կազմել է 21 տոկոս, մինչդեռ 5 տարի առաջ ամենաբարեկեցիկը Երևանն էր:

2008 թ. համեմատությամբ աղքատության աճը 2013 թվականին Երևանում կազմել է 5,4 տոկոսային կետ, Երևանից դուրս՝ 3,5 տոկոսային կետ: Քաղաք-գյուղ բաշխվածության մակարդակով աղքատների 63,8 տոկոսը քաղաքաբնակ են:

Վիճակագրության հեղինակները հաշվարկել են նաև որքան գումար է պետք աղքատության հաղթահարման համար` մոտ 84 միլիարդ դրամ: Բայց այդ աջակցությունը պետք է կատարվի թիրախային ու տրամադրվի հենց աղքատներին:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։ — See more at: https://www.ilur.am/news/view/33254.html#sthash.tzNQb9kE.dpuf

Նախորդ հոդվածը‘Մթնոլորտային գեղեկցկություն. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)’