‘Զիդան. «Գիտակցում ենք, որ շատ անելիք ունենք»’

1482

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Այժմ լի եմ դրական էներգիայով, քանի որ մենք հաղթանակ տոնեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսը մի փոքր վատ անցկացրեցինք, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ: Մենք հասկանում ենք, թե ինչ է մեզ սպասվում երեքշաբթի օրը, բայց այժմ պետք է հանգստանանք, ապա հնարավորինս լավ պատրաստվենք «Վոլֆսբուրգի» հետ խաղին: Գիտենք, որ հեշտ չի լինելու, քանի որ պետք է հաղթահարենք երկու գնդակի տարբերությունը, բայց «Սանտյագո Բեռնաբեուում» միշտ էլ հնարավոր է անհավանական բաներ անել՝ գտնվելով ծանրագույն իրավիճակում»,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից:

Երկրպագուների մասին«Չեմ ցանկանում նրանց որևէ բան պարտադրել: Մենք ցանկանում ենք, որ նրանք մեկնարկային սուլիչից մինչև վերջ աջակցեն մեզ: Նրանք հասկանում են, թե ինչ նշանակություն ունի առաջիկա հանդիպումը: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկրպագուները հպարտանան մեզանով»:

Ռոտացիայի մասին«Չեմ կարծում, թե նախորդ խաղից հետո շատ բան է փոխվել: Խաղադաշտ դուրս եկան այն ֆուտբոլիստները, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստացել, իսկ մյուսները հանգստանալու հնարավորություն ստացան: Հիանալի է ունենալ այսպիսի ֆուտբոլիստներ: Շատ գոհ եմ նրանց խաղից»:

Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Մտադիր էի խաղի ավարտից 15-20 րոպե առաջ փոխարինել Ռոնալդուին, բայց Խեսեն վնասվածք ստացավ, դրա համար էլ նրան փոխարինեցի: Ռոնալդուն կարող է 90 րոպեից էլ ավելի խաղալ»:

«Վոլֆսբուրգի» հետ կարևոր խաղի մասին. «Գիտակցում ենք, որ շատ անելիք ունենք: Երկու գոլով զիջում ենք, և բարդ է լինելու փոխել իրավիճակը, բայց կարող ենք հասնել մեր նպատակին: Այդ խաղում հաջողության հասնելու սկիզբը տրվելու է նախ հանգստանալով, ապա նախապատրաստվելով: Երկուշաբթի կմտածենք մարտավարության մասին: Մենք պետք է միասնական լինենք և տնային մարզադաշտում բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրենք»:

Դանիլոյին ուղղված սուլոցների մասին. «Այստեղ սուլել են բոլոր ֆուտբոլիստներին: Հասկանալի է, որ նման բաները հաճելի չեն, բայց Դանիլոն պրոֆեսիոնալ է և գիտի՝ ինչ պետք է անի: Դանիլոն հաճելի տղա է, բոլորս էլ հոգ ենք տանում նրա մասին: Այժմ մենք պետք է մտածենք երեքշաբթի օրվա մասին և մոռանանք նմատիպ տհաճ պահերը: Երեքշաբթի կտեսնենք, թե ով կլինի մեկնարկային կազմում, այժմ այդ մասին չեմ խոսի»:

Խամեսի և Իսկոյի մասին. «Նրանք լավ խաղացին: Դժվար է թիմակիցներից քիչ խաղալ, դրա համար էլ խաղավարտին նրանց ակտիվությունը մի փոքր պակասեց, բայց դա նորմալ է: Ես գոհ եմ»:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալն ակնարկել է, որ Իբրահիմովիչը «Ման. Յունայթեդի» համար ծեր ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Արբելոան և Պիկեն շարունակում են հեգնել իրար’