‘Զիմբաբվեի նախագահը ցրել է իր մահվան մասին կասկածները’

700

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ այդպիսով  ցրելով իր առողջության վատթարացման և նույնիսկ մահվան մասին կասկածները, հաղորդել է Reuters-ը: Պետության 89-ամյա առաջնորդը ներկա է գտնվել քրոջ հուղարկավորությանը:  

Մուգաբեի առողջական վիճակը վերջերս այդ 13 միլիոնանոց երկրում ամենաքննարկվող թեմաներից է: Երկրի նախագահը մի քանի շաբաթ անցկացրել է Սինգապուրում, որտեղ, ինչպես պնդում են, պարբերաբար բուժում է ընդունում ուռուցքաբանական հիվանդության դեմ: Նախագահն ինքը և նրա մերձավոր շրջապատը մի քանի անգամ հայտարարել են, թե նա Սինգապուր է այցելում ոչ թե բուժվելու, այլ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով:

Արևմտյան վերլուծաբանների տվյալներով՝ զառամյալ Մուգաբեի զինակիցներն արդեն իսկ հերթի են կանգնել՝ նրա տեղն զբաղեցնելու համար: Ժառանգորդի հիմնական թեկանծու են համարում  երկրի փոխնախագահին, բարձր են գնահատվում նաև արդարադատության նախարարի շանսերը, փոխանցում է lenta.ru-ն:

Մուգաբեն ութերորդ անգամ Զիմբաբվեի նախագահ է ընտրվել 2013 թ. կայացած հերթական ընտրություններում, որոնք ընդդիմությունը ոչ ազատ է ճանաչել, ոչ էլ արդար: Բոլոր նրանց, ովքեր բողոքել են բազում խախտումներ դեմ, նախագահը խորհուրդ էր տվել դիմել դատարան: Սակայն ընդդիմությունն այդ խորհուրդից չէր օգտվել՝ կասկած հայտնելով երկրի դատական համակարգի անկախության և օբյեկտիվության նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Անկարան ավելի հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կձևացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Խելահեղ թռիչքներ Նոր Հաճնի կամրջից (ֆոտոշարք)’