‘Զինծառայողի մոտ մի շարք հիվանդություններ են հայտնաբերվել’

2814

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հերթական հայտարարությունն է տարածել: Գրասենյակն ահազանգում է, որ զինծառայող Հովիկ Կախյանի մոտ մի շարք հիվանդություններ են հայտնաբերվել, սակայն նա պարտադիր զինվորական ծառայության մեջ է գտնվում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է Կախյանին վաղաժամ զորացրել զինվորական ծառայությունից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«2012 թ. հոկտեմբերի 31-ին կազմակերպություն է դիմել Ա. Մագթաղյանը իր որդու՝ Հովիկ Կախյանի իրավունքների պաշտպանության հարցով: Հովիկ Կախյանը 2012 թ. հունիսի 30-ին զորակոչվել է Իջեւանի 51191 զորամաս, որտեղ, ըստ ծնողի հայտնած տեղեկատվության, ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում, կամ հոսպիտալում: 

Հովիկ Կախյանն ունի առողջական լուրջ խնդիրներ՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ, մասնավորապես՝ ձախ ականջի թմբկաթաղանթը բացակայում է, ձախ ականջից մշտապես թարախահոսություն կա, ունի կակազություն, նախկինում դեղնախտով հիվանդանալու հետեւանքով բողոքում է լյարդի շրջանում ցավերից, ունի II-III աստիճանի հարթաթաթություն, արյան ճնշման տատանումներ եւ ռադիկուլոպաթիա: 

Հարկ է նշել, որ Հովիկ Կախյանի հայրը եւ եղբայրը հանդիսանում են երկրորդ կարգի հաշմանդամ: Վերջինս 2004 թ. հոկտեմբերի 7-ին մարտական հերթապահության տարման ժամանակ պայթել է ականի վրա, որի հետեւանքով կտրվել է աջ ոտքը` ծնկից ցած: 

Ըստ Հովիկ Կախյանի ծնողի պատմածի՝ զորակոչվելուց 3 օր հետո Հովիկ Կախյանի մոտ սկսել է ականջի թարախահոսություն, որի պատճառով նա պառկել է զորամասի բուժկետում մոտավորապես 20 օր տեւողությամբ: Այդ ընթացքում որեւէ բուժում չի ստացել մասնագետի բացակայության պատճառով: Փոխարենը՝ Հովիկ Կախյանի մայրը ականջի եւ քթի դեղեր է տարել զորամաս, որպեսզի դրանով բուժեն որդուն: Այնուհետեւ Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ բժիշկը չի ընդունել՝ հիմնավորելով, որ դեռեւս երդմնակալությունը տեղի չի ունեցել, եւ կարող է ընդունել միայն այն տեղի ունենալուց հետո: Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հովիկ Կախյանի երդման արարողությունը, որից 3 օր անց՝ օգոստոսի 19-ին, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ հաջորդ օրը՝ Երեւանի Մուրացան հոսպիտալ: Նա 2012 թ. սեպտեմբերին բուժվել է Մուրացանի «ԼՕՌ» բաժանմունքում: 2012 թ. սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել եւ տեղափոխվել զորամաս: Սակայն մի քանի օր անց Հովիկ Կախյանը մորը տեղեկացրել է, որ իր մոտ առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ ցավեր ստամոքսի եւ լյարդի շրջանում եւ հայտնել է, որ իր մոտ կասկածում են դեղնախտի ախտանիշներ, քանի որ առանձնացրել են մյուս զինծառայողներից, որը հետագայում հերքվել է: Մի քանի օր շարունակ տղան գանգատվել է նաեւ վատ մարսողությունից: Արդյունքում՝ Հովիկին կրկին տեղափոխել են Վանաձորի զինկոմիսարիատ: Հովիկը շարունակել է գանգատվել ծանր լսողությունից: Նույնիսկ մորն ասել է, որ վիրավորվում է, երբ  մյուսներն իրեն անվանում են «քյառ»: 

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում Հովիկ Կախյանի մոտ 2011 թ. սեպտեմբերի 20-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ թարախային մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»: 

2011 թ. սեպտեմբերի 23-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Երկողմանի երկայնակի հարթաթաթություն III աստիճանի, 2-5 մատների մրճիկանման դեֆորմացիա, քայլքի չափավոր խանգարումով»: 

2011 թ. նոյեմբերի 10-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպոնիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1 /առաջին/ աստիճանի, թույլ արտահայտված կակազություն»: 

2011 թ. դեկտեմբերի 8-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան քրոնիկական թարախային մեզոտիմպանիտ բարդացած, միջին ականջի լորձաթաղանթի հիպերպլագրայով: Կոնդուկտիվ ծանրալսություն 2-րդ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»: 

2012 թ. հունվարի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Ձախակողմյան խրոնիկ չոր մեզոտիմպանիտ: Ձախակողմյան կոնդուկտիվ ծանրալսություն 1/առաջին/ աստիճանի եւ թույլ արտահայտված կակազություն»: 

2012 թ. հունվարի 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Թույլ արտահայտված ռադիկուլոպաթիա Լ5Տ1 անցողիկ ցավային համախտանիշով»: 

Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք այնպիսի դեպքի, երբ ՀՀ ՊՆ 175-10 հրամանով առանձին հիվանդությունների դեպքում զինծառայողը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումներով, սակայն հաշվի չի առնվում մի քանի հիվանդությունների համակցությունը: 

Չնայած Հովիկ Կախյանի մոր բազմաթիվ նամակներին այն մասին, որ իր որդին բուժման կարիք ունի, եւ տվյալ պահին նրա առողջական վիճակը անհամատեղելի է զինված ուժերում զինվորական ծառայութան հետ` Հովիկը ներկայումս գտնվում է զորամասում, եւ ամեն անգամ նոր հետազոտություններ են իրականացվում: Արդյունքում՝ Հովիկ Կախյանի առողջական վիճակի հետազոտությունները եւ դրանց վրա հիմնված բուժումներն անարդյունավետ են: Հետեւաբար, Հովիկ Կախյանն ի վիճակի չէ շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում: 

Գտնում ենք, որ նման վերաբերմունքը զինծառայողի առողջական խնդիրների նկատմամբ կարող է առաջացնել զինծառայողի առողջական վիճակի վատթարացում եւ բացասական հետեւանքներ զինծառայողի կյանքի համար, որի ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պաշտպանական գերատեսչությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել Հովիկ Կախյանի առողջական վիճակի պարզաբանման եւ զինվորական ծառայությունից նրան վաղաժամ զորացրելու համար»:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդինեժադի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Կոտայքի մարզպետի «ինտուիցիան» հուշում է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի ‘