«Ոչ մի պաշտոնական մարմին Իրանում չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը»

291

Իրանի բնակիչները և միջազգային հանրությունը փորձում են հասկանալ՝ ինչպես մեկնաբանել Իրանի գլխավոր դատախազի հայտարարությունը հիջաբ կրելու և «հագուստի համեստության» վերաբերյալ օրենքը պահպանելու կոչված բարքերի ոստիկանությունը լուծարելու վերաբերյալ։

Հաջորդ օրն իսկ պետական լրատվամիջոցները տեղեկացրին, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունում ոչ մի պաշտոնական մարմին չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը»։

Պետական լրատվամիջոցներից մի քանիսը նշում են, թե պաշտոնյային սխալ են հասկացել, մինչդեռ իսլամական խստաբարո դրես-կոդից դժգոհ քաղաքացիները մտադիր չեն դադարեցնել բողոքի ցույցերը։

Իրանի իշխանությունների մշուշոտ և հակասական հայտարարությունները բարքերի ոստիկանության ենթադրյալ լուծարման վերաբերյալ չպետք է մոլորեցնեն միջազգային հանրությանը կանանց և աղջիկների նկատմամբ շարունակվող բռնությունների վերաբերյալ, որոնք ամրագրված են պարտադիր հիջաբ կրելու մասին օրենքներում և սնվում են այդ օրենքները կիրառողների անպատժելիությամբ, երեքշաբթի հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Իրանի Իսլամական քրեական կանոնադրության 638 հոդվածի համաձայն՝ հանրային պատշաճության համար «վիրավորական» համարվող ցանկացած գործողություն պատժվում է ազատազրկմամբ  10 օրից մինչև երկու ամիս ժամկետով կամ մտրակի 74 հարվածով։ Օրենքը տարածվում է աղջիկների վրա՝ սկսած ինը տարեկանից, ինչն Իրանում աղջիկների քրեական պատասխանատվության նվազագույն տարիքն է։ Գործնականում՝ իշխանությունները աղջիկների համար պարտադիր  հիջաբ կրելը սահմանում են յոթ տարեկանից, երբ նրանք սկսում են տարրական դպրոց հաճախել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲողոքի ցույցեր Իրանում․ Նոր ձերբակալություններ և մահվան դատավճիռներ
Հաջորդ հոդվածըՍտամբուլի ահաբեկչության ռումբը հավաքել են սոցցանցի հրահանգների համաձայն