‘ԶԼՄ. Բրիտանական հատուկ ծառայությունները սպառնացել են Guardian թերթին’

879

Guardian-ը սպառնալիքներ է ստացել բրիտանական հատուկ ծառայություններից, որոնք պահանջել են կա՛մ ոչնչացնել, կա՛մ իշխանություններին հանձնել Էդուարդ Սնոուդենից ստացած գաղտնի փաստաթղթերը, խոստովանել է պարբերականի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը: Իր հեղինակային սյունակում Ռասբրիջերը պատմել է, թե ինչպես երկու ամիս առաջ իր հետ կապվել է կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով, իբր, ներկայացրել է վարչապետին: Նա երկու անգամ հանդիպել է լրագրողի հետ և պահանջել վերադարձնել կամ ոչնչացնել փաստաթղթերը: Իսկ մեկ ամիս անց գլխավոր խմբագրին զանգահարել են կառավարությունից և ասել. «Դուք արդեն բավական երկար խաղացիք: Հիմա ժամանակն է, որ մերը մեզ վերադարձնեք»: Դրանից հետո, ինչպես պնդել է Ռասբրիջերը, էլի մի քանի հանդիպումներ են եղել կառավարության պաշտոնյաների հետ: Ու թեև գլխավոր խմբագիրը բացատրել է, որ Սնոուդենի՝ Guardian-ի լրագրող Գլեն Գրինվալդին փոխանցած գաղտնի փաստաթղթերը հրապարակվում են թերթի նյույորքյան խմբագրության կողմից, այնուհանդերձ՝ նրան հասկացրել են, որ պարբերականի նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել:

Հետո թերթի խմբագրություն են այցելել «անվտանգության գծով երկու մասնագետներ»՝ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնից, և նրանց ներկայությամբ ոչնչացվել են Սնոուդենի փոխանցած ֆայլերի կոշտ սկավառակները: Սակայն  Guardian-ի գլխավոր խմբագիրը հավաստիացրել է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցների «տարօրինակ այցերն» ու սպառնալիքները լրագրողներին չեն վախեցրել, և նրանք շարունակում են գրել «ոստիկանական պետության» մասին,փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում բժիշկները կջանան բուժել 610 կգ ունեցող հիվանդին ‘
Հաջորդ հոդվածը‘Բանակում չծառայած անձնավորությունը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական’