‘ԶԼՄ. Հնարավոր է՝ հուլիսի 21-ին Բելգիայի թագավորը հրաժարվի գահից’

860

Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը, հնարավոր է, հուլիսի 21-ին՝ Բելգիայի ազգային տոնի օրը,  հրաժարվի գահից՝ հօգուտ իր ավագ որդու, փոխանցում են բելգիական ԶԼՄ-ները՝ հղում անելով արքայական տարեգիր Պատրիկ Վեբերին: Այս տարի լրանում է Ալբերտ Երկրորդի գահակալության քսանամյակը: Նա գահ է բարձրացել 1993 թ. Բոդուեն Առաջինի մահվանից հետո, ով ժառանգ չուներ:

 Բելգիայի սահմանադրության համաձայն՝ միապետը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ ունի, իսկ իրական իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում: Այնուհանդերձ՝ միապետը հանդես է գալիս նաև որպես գերագույն միջնորդ՝ ներքին քաղաքական հակասությունները կարգավորելիս: Հարցումները ցույց են տալիս, որ բելգիացիների մեծ մասը դրական է գնահատում Ալբերտ Երկրորդի գահակալության շրջանը: Քաղաքացիների համար նա բարոյական հեղինակություն է և երկրի միասնության խորհրդանիշը: Միապետը հայտնի է նաև նրանով, որ մինչև գահ բարձրանալը եղել է մոլի բայքեր: Ի տարբերություն հոր՝ թագաժառանգ Ֆիլիպը հաճախ է քննադատության ենթարկվում հասարակության կողմից՝ երկրում քաղաքական իրավիճակի վերաբերյալ «անպատշաճ» արտահայտություններ թույլ տալու համար, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Թալինում կին է կորել’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Վրաստանն ուզում է կապող օղակ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև’