‘
ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը, ըստ երևույթին, վատթարացել է, հաղորդում է CBS News հեռուստակայանը՝ հղում անելով անանուն աղբյուրի: Ըստ այդ աղբյուրի՝ «նախկին նախագահի ներքին օրգանները գործում են 50 %-ով, նա արդեն մի քանի օր աչքերը չի բացում»: Հեռուստաալիքի տվյալներով՝ Մանդելան սրտի կանգ է ունեցել, սակայն բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նախկին նախագահին:
Ի դեպ, անցյալ շաբաթ գերմանական Deutsche Welle ռադիոհեռուստաընկերությունը մահախոսական էր հրապարակել Մանդելայի մահվան առիթով՝ նրան բնութագրելով որպես «ազատության մարտիկ և ընդօրինակման արժանի կերպար»: Ավելի ուշ ընկերությունը ներողություն էր խնդրել և պարզաբանել, թե «տեխնիկական սխալի պատճառով է հրապարակվել Մանդելայի մահվան վերաբերյալ հաղորդագրությունը»:
Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի պատմության ընթացքում առաջին սևամորթ նախագահն է, որը երկիրը ղեկավարել է 1994-1999 թթ.: Երիտասարդ տարիքում ապարտեիդի ռեժիմի դեմ ակտիվ պայքարի համար նա 27 տարի անցկացրել է բանտում: 1993 թ. Մանդելան արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի, փոխանցում է Росбалт-ը:
‘