‘ԶԼՄ. Սնոուդենին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրումը «գլխացավանք» է դարձել Նորվեգիայի համար’

821

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի առաջադրումը խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «մեծ գլխացավանք» է դարձել նորվեգացի քաղաքական գործիչների համար: Նման կարծիք է հայտնել իր ամենօրյա սյունակում նորվեգական Aftenposten թերթի մեկնաբան Յոհակիմ Լունդը:

«1987 թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարագարեթ Թեթչերը Նելսոն Մանդելային ահաբեկիչ անվանեց: Դրանից վեց տարի անց Մանդելան ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ,- նշել է հոդվածի հեղինակը:- Այսօր ԱՄՆ-ը Սնոուդենին գող ու դավաճան է անվանում, բայց երկու շաբաթից քիչ անց նա կարող է դառնալ խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Դեռ հայտնի չէ՝ Սնուոդենն այն կստանա՞, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ հայտնի է՝ նրա առաջադրումը մեծ գլխացավանք է դարձել նորվեգացի քաղաքական գործիչների համար»:

Ինչպես նշում է Լունդը, Նորվեգիան կարողացել է ստեղծել օրինակելի ժողովրդավարության պատրանք՝ հիմնված մարդու իրավունքները հարգելու,  քաղաքական թափանցիկության և բացախոսության վրա:Մինչդեռ այդ կերպարը չի համապատասխանում այն գնահատականներին, որ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում տալիս են ԱՄՆ ԱԱԳ փորձագետները: ԱԱԳ-ի զեկուցագրերում Նորվեգիան անվանում են «երանելի գործընկեր», որը պատրաստակամորեն հետախուզական տվյալներ է տրամադրում, այդ թվում՝ «Ռուսաստանի տարածքում տարբեր նպատակակետերի մասին»:

Եթե Սնոուդենն ստանա խաղաղության Նոբելյան մրցանակը, ապա երկրի քաղաքական ղեկավարությունը կհայտնվի առավել բարդ վիճակում: Խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի  փոխնախագահ Միքայել Տեքստներն արդեն հայտարարել է, որ եթե Սնոուդենը ժամանի Նորվեգիա՝ մրցանակն ստանալու, թագավորության իշխանությունները ստիպված են լինելու ձերբակալել նրան և հանձնել ԱՄՆ-ին: Սակայն նորվեգացի շատ իրավաբաններ պնդում են, որ Սնոուդենի գործողությունները Եվրոպայում անօրինական չէին համարվի, ուստի նրան պետք է դիտարկել որպես քաղաքական փախստական, որը հանձնման ենթակա չէ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Պոռոշենկոն հինգշաբթի կտա առաջին մեծ մամլո ասուլիսը’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց կլինի 12 ժամ’