‘ԶԼՄ. Ֆրանսիացիները ծաղրում են Օլանդին՝ նախկին ընկերուհու հուշերի առիթով’

1084

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհու հուշերը փոթորկել են ֆրանսիական հասարակությունը: Այն բանից հետո, երբ Վալերի Տրիերվեյլերն իր գրքում պատմել է, թե Հինգերորդ հանրապետության ղեկավարն արհամարհանքով է վերաբերվում աղքատներին, երկրի բնակիչներից շատերը խոստովանել են, որ ամաչում են իրենց նախագահի համար, տեղեկացրել է The Local-ը: «Նա ձևացնում է, թե չի սիրում հարուստներին: Իրականում նախագահը չի սիրում աղքատներին: Ձախ ուժերի ներկայացուցիչ լինելով՝  նա նրանց անվանում է «անատամ» և շատ է հպարտանում իր հումորով»,- գրել է  Տրիերվեյլերը:

«Ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս Ֆրանսիայից, լսում եմ, թե մարդիկ ինչպես են ծաղրում իմ երկիրը: Ֆրանսուա Օլանդն արժանի է դրան: Վալերի Տրիերվեյլերի հուշերից հետո  աշխարհն այնքան էլ չի փոխվել, մենք առանց այդ էլ ամաչում էինք նրա համար, -պարբերականին ասել է մի քաղաքացի ու հավելել: — Նախագահը չի մտածում նրանց մասին, ովքեր օր ու գիշեր խելագարի պես աշխատում են: Մենք հարկեր ենք վճարում, որ նա այդ փողը ծախսի կանանց վրա»:

Այս կարծիքը կիսում է մեկ այլ փարիզցի: «Ակնհայտ է, որ Օլանդը  նախագահացու չէ: Սարկոզին մեզ դուր չէր գալիս, սակայն նա դինամիկ էր և գործում էր առաջնորդի պես: Օլանդը կարող էր ֆերմեր լինել ու հավ պահել, բայց նույնիսկ դա նրա համար դժվար կլիներ»:

Ֆրանսիացիներից ոմանք  մտավախություն ունեն, թե գրքում նկարագրված փաստերը կվարկաբեկեն երկիրը, և  տարակուսում են, որ նախագահի նախկին ընկերուհին նման բաները ներկայացրել է հանրությանը: «Արտասահմանում մարդիկ կդադարեն հարգել Օլանդին: Ֆրանսիայի իմիջը կփչանա: Տրիերվեյլերն այդ ամենը նրան պետք է ասեր մասնավոր կարգով»:

Շատերի կարծիքով էլ՝ գիրքը խոսում է նախկին ընկերուհու թուլության և խանդի, այլ ոչ թե նախագահի անձի մասին:

Մինչդեռ գրախանութները խոստովանում են, որ Օլանդի նախկին ընկերուհու հուշերն օգնում են «դրամարկղը լցնելուն»: «Դա ընդամենը բիզնես է, ուստի մենք չենք դժգոհում»,- ասել են գրախանութի վաճառողները:

«Շնորհակալ եմ այդ պահի համար» (Merci pour ce moment) վերնագիրը կրող հուշագրությունը վաճառքի է հանվել հինգշաբթի: Ելիսեյան պալատում խոստովանել են, որ Օլանդի հետ իր անձնական կյանքը նկարագելու՝ Տրիերվեյլերի մտադրության մասին տեղեկացել են լրատվամիջոցներից: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի արևելքում զինադադարը պահպանվում է’
Հաջորդ հոդվածը‘People ամսագիրը տվել է տարվա ամենասեքսուալ մարզիկի անունը’