‘Զոհված ուկրաինացի ցուցարարի անունով կանվանակոչեն Կովկասի գագաթներից մեկը’

898

Լվովցի լեռնագնացները որոշել են Կովկասի գագաթներից մեկն անվանակոչել Եվրամայդանի զոհված ցուցարարներից ՝ Յուրի Վերբիցկու անունով: Այդ մասին հաղորդում է ZAXID.NET-ը՝ հղում անելով Լվովի լեռնագնացության «Էքստրեմ» ակումբի ղեկավար Մարյան Նիշչուկին, որը նշել է, թե Վերբիցկին իրենց ակումբի անդամ էր, և նրանք այդ կերպ որոշել են հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Ուկրաինացի լեռնագնացների նախաձեռնությունն արդեն պաշտպանել են վրացի գործընկերները, որոնք համաձայնել են Արևելյան Կովկասում գտնել անանուն մի գագաթ: Հենց որ դա արվի, ակումբի անդամները կբարձրանան այնտեղ՝ ուսումնասիրելու և ճշգրիտ կոորդինատները որոշելու նպատակով: Նախապես պլանավորվել է, որ լեռնագնացների արշավը տեղի կունենա օգոստոսին:

Յուրի Վերբիցկուն և Իգոր Լուցենկոյին անհայտ անձինք առևանգել էին Կիևի Ալեքսանդրովյան հիվանդանոցից: Հետագայում Լուցենկոն հայտնել էր, որ իրենց տարել էին անտառ, ծեծի ենթարկել ու փորձել էին պարզել, թե ով է ֆինանսավորում Եվրամայդանը: Ծեծից հետո Լուցենկոյին հաջողվել էր ինքնուրույն հասնել Կիև: Հունվարի 22-ին անտառում հայտնաբերվեց Վերբիցկու դին: Նրա գլխին ցելոֆանե տոպրակ կար, իսկ բերանին  ժապավեն էր սոսնձված: Միլիցիայում տեղեկացրին, որ ակտիվիստը մահացել է ցրտահարությունից, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց համաներման մասին օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսը բանակցություններում ընդդիմությանը զիջումներ չի անի’