‘Զոյա Թադեւոսյան. Ժողովուրդը պարզապես չի ուզում այլևս լսել «հանրապետական» անվանումը’

3515

iLur.am-ի հետ զրույցում ասում է  Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը

-Տիկին Թադեւոսյան, արդեն 1 շաբաթից ավելի է` ընթանում է նախընտրական քարոզարշավը: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական այս ընթացքը:

— Քանի որ ժամանակ չունեմ հետևելու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի քարոզարշավին, ուստի կարող եմ ելնելով Կոնգրեսի կողմից նախատեսված միասնական նախընտրական գործելակերպից՝ մանրամասնել Ավան վարչական շրջանում կատարվող աշխատանքները: Աշխատում ենք ծանրաբեռնված գրաֆիկով, դռնեդուռ քարոզչության շրջանականերում Երևանի ընտրողներին ներկայացնում մեր ծրագրերը, հընթացս նախապատրաստական աշխատանքներ տանում ավելի բազմամարդ բակային հանդիպումներ եւ հարահավաքներ անցկացնելու համար: Ապրիլի 20-ին 18:00-ին կազմակերպելու ենք մեր ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուի հանդիպումը ընտրողների հետ:

— ՀԱԿ-ը սկսել է հանդիպումները մայրաքաղաքի բնակչության հետ, ի՞նչ տպավորություններ ունեք:

— Տպավորություններս հուսադրող են, ամենից առաջ այն առումով, որ այս իշխանություններն ու իրենց թեկնածուն ընկալվում են միևնույն հարթության մեջ. այն է՝ Տարոնը հանրապետական կուսակցության դրածոն է եւ Երևանի կառավարման առաջիկա չորս տարիները կապել այդ Տարոնի, հետևաբար այդ քաղաքական ուժի հետ անընդունելի է: Սա այն թույլատրելի եւ շատ մեղմ բնութագիրն է, որը կարող եմ բարձրաձայնել մամուլով: Ժողովուրդը պարզապես չի ուզում այլևս լսել «հանրապետական» անվանումը:

— Շատ է խոսվում ոչ կոալիցիոն ուժերի` հետընտրական դաշինք կազմելու մասին: Ինքներդ իրատեսակա՞ն եք համարում այս հանգամանքը, թե՞ ոչ:

— Իրատեսական համարում եմ, ավելին, գտնում եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են գոնե առայժմ, հանուն երևանցու բարօրության եւ քաղաքամայր Երեւանի լինելիության միավորվել եւ տապալել ռեժիմը: 

— Բայց չէ՞ որ իշխանությունն էլ է գիտակցում, թե ինչ հետեւանքներ կունենա հեընտրական դաշինքը: Կարծում եք` իշխանությունները ձեռքերը ծալած կնստեն ու կսպասե՞ն, որ իր դեմ դուրս գաք, մանավանդ, աչքի առաջ ունենալով նախագահական ընտրությունների արդյունքները:

— Ես մեր իշխանությունների մասին նման կարծիք չունեմ: Ձեռքները ծալած չեն նստի, ավելին, արդեն Ավանում, Բրյուսով թաղամասում քարոզչություն իրականացնելիս մեր շտաբի անդամների, չորս կիրթ եւ դաստիարակված տղաների քարոզչական աշխատանքները խոչնդոտել են, սպառնացել հաշվեհարդար տեսնել՝ եթե նորից այդ տարածքում երևան: Վաղը այդ տարածքում ես եմ քարոզչություն անելու եւ եթե այսուհետեւ ոստիկանությունը չպաշտպանի մեր անվտանգությունը՝ կմեղադրվի անգործության մեջ:

— Այդ դեպքում ինչպես ե՞ք պայքարելու:

— Օրենքի եւ օրինականության շրջանակներում կիրացնենք քաղաքացու մեր իրավունքները, իսկ անօրինականություններ հրահրողներն ու իրականացնողները պատասխան կտան օրենքի առջև: Ակնկալում եմ «զորավարի» աջակցությունն այդ հարցում:

— Ի՞նչ նկատի ունեք «զորավարի աջակցություն» ասելով:

— Այն, որ Հանրապետության ոստիկանապետը անկախ իր եւ մեր կուսակցականությունից առաջնահերթ հոգածության խնդիր կդարձնի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու Սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Աստծո առաջ եւ օրենքի` բոլորն են հավասար:

 

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Օբաման ժամանել է Բոսթոն՝ սգո արարողություններին մասնակցելու համր’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիզի հայտարարությունը արձագանք է գտել Թուրքիայում’