‘Զոյա Թադեւոսյան. Կա մեկ ճանապարհ՝ իշխանափոխություն’

2653

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը

-Տիկին Թադեւոսյան, Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել էր տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, նաեւ ապահովել, որպեսզի միջին ամսական աշխատավարձի աճը լինի ավելին, քան գնաճն է: Սակայն պաշտոնական ցուցանիշներն այսօր այլ բանի մասին են վկայում` 7-ի փոխարեն հազիվ 3 տոկոս աճ ունենք: Որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:

-Տնտեսական աճ ապահովում են ոչ թե կուսակցական հանձնարարականներով, այլ տնտեսական աճ ապահովող միջավայրի ձևավորման ճանապարհով։ Սերժ Սարգսյանը տիպիկ կոմունիստական ժամանակների չինովնիկ է, մոռանում է, որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում նման մտքեր, գաղափարներ արտաբերելն առնվազն ծիծաղելի է։ Մեկ օլիգարխի տնտեսության պայմաններում իրավիճակը հենց այդպիսին էլ պետք է լիներ։ Չկա մրցակցություն, չկա տնտեսական ազատություն, ներդրումային միջավայրն առավել քան անբարենպաստ է, ավելին՝ «կապիտալի փախուստն» արդեն դարձել է կայուն և կրկնվող երևույթ։ Հենց իրենք՝ իշխանության վերին օղակներում գտնվող փողատեր- թալանչիներրն են եղել այդ երևույթի պիոներները։

-2014թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս Տ.Սարգսյանը նշել էր, թե խոստացված աճը չապահովելը պայմանավորված էր արտաքին գործոններով: Ինքներդ համամի՞տ եք, թե՞ ոչ:

-Միշտ էլ ավելի հեշտ ճանապարհը արտաքին աշխարհին մեղադրելն է։ Այդ նույն արտաքին աշխարհը, կարծեմ, 2008թ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, ըստ վարչապետի, մեր տնտեսությունը զերծ պահեց, չնայած հաջորդ տարում տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ գրանցեցինք։ Հետաքրքրիր է, մտածե՞լ են արդյոք այս իշխանությունները, որ ամենաձախողված տնտեսությունները բռնապետական ռեժիմ ունեցողներն են։ Սինգապուրում, Հարավային Կորեայում, Իսլանդիայում, Հոնկ Կոնգում արտաքին գործոնների ազդեցությունները չեզոքացվա՞ծ են, թե՞ արտաքին (էքստերնալ) գործոնները վերածվում են աճի ներքին (ինտերնալ) գործոնների։ Բերեմ մեկ օրինակ։ Օտարերկրյա վարկերը աճի արտաքին գործոն են, որոնք կարող են արդյունավետ օգտագործման դեպքում դառնալ տնտեսական աճ ապահովող գործոն (զարգացած ենթակառուցվածքներ, կառավարման հմտություններ և այլն): Մեկ այլ օրինակ․ միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող տրանսֆերտները, որոնց ծավալը առանձին տարիներին գերազանցել է պետական բյուջեն մի քանի անգամ ։ Դրանք  Հարավսլավիայում 1990-ական թվականներին տնտեսական աճի հզոր աղբյուր էին։ Մեր երկրում տրանսֆերտները դարձան կոռուպցիոն նոր մեխանիզմի կիրառման գործիք․ կենտրոնական բանկի թեթև ձեռքով դրամն արժևորվեց՝ ապահովելով միլիոնավոր դոլարներ իշխանությունների համար։ Այսօր էլ այդպես է։ Հենց մի փոքր տրանսֆերտների շուկան աշխուժանում է՝ դրամն արժևորվում է։

-Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանի հանձնարարակա՞նն էր անիրականանալի, թե՞` կառավարությունն է անկարող իրականացնել այդ հանձնարարականը:

-Առկա է երկուստեք անմեղսունակություն։

-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, կառավարությունը հրաժարական չի ներկայացնում:

-Վախենում են, սարսափում ժողովրդի ցասումից։ Այսպես ավելի ապահով է․ կա ոստիկանություն, զինված ուժեր․․․պաշտպանված են։ Հրաժարական տան, որ ի՞նչ անեն։

-Կխնդրեի անդրադառնաք նաեւ գազի եւ լույսի սակագների բարձրացման հետեւանքով ստեղծված իրավիճակին. շատերն են անակնկալի եկել` տեսնելով իրենց կոմունալ վճարների չափը:

-Ի՞նչն էր անակնկալ։ 2013 թ․ հուլիսից գազի գինն ավելացել է 18,6%-ով, էլեկտրաէներգիայինը՝ 26,3%-ով, գումարային էներգակիրների արժեքն ավելացել է մոտ 45%-ով։ Դա չի՞ նշանակում, որ կոմունալ ծախսերն առնվազն այդքան տոկոսով պետք է բարձրանային։ Չէր հավատում բնակչությունը, որ էներգակիրների նման թանկացումներն իրականություն են, որ դա ամենամեծ հարվածն է հասցնելու իրենց ընտանեկան բյուջեին։ Մեր հասարակությունը, մեծ հաշվով, սոցիալական խնդիրներին թույլ է արձագանքում։ Մի տեսակ հաշտվում են իրավիճակի հետ։ Բայց զարմանալի է, որ 50 դրամի համար բավականին մեծ աղմուկ բարձրացրին։ Այս դեպքում գործ ունենք հարյուր հազարավոր դրամների հետ։ Այս իրավիճակն ավելի բարդ է և ունի ու դեռ կունենա շատ ծանր հետևանքներ։ Տնտեսական առումով՝ դա լուրջ հարված է ներքին արտադրությանը։ Պատահական չէ, որ երբեմնի մրցակցային միջավայրում գործող թռչնաբուծական ֆերմաներն այսօր դարձել են ձու, թռչնամիս ներկրողներ։ Գնաճն անխուսափելի է, իսկ դա ինքնին է՛լ ավելի է վատթարացնելու ՀՀ քաղաքացու վիճակը։

-Հնարավո՞ր է արդյոք այս իրավիճակը շտկել:

-Հնարավոր է։ Կա մեկ ճանապարհ։ Իշխանափոխություն։ Ազգովի, մեկ բռունցք դարձած՝ պետք է հասնենք այս իշխանություններին ժողովրդից չեզոքացնելու մեր երկարամյա իղձի իրականացմանը։

 

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Խրիստենկո. 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» շարժմանն են միացել բազմաթիվ հաղորդավարներ, դերասաններ (ֆոտոշարք)’