‘Զոյա Թադեւոսյան. Սերժ Սարգսյանին հնարավոր էր հաղթել՝ ընտրապայքարում մենակ թողնելով ‘

2053

ասում է Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության համակարգող, ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը

Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունները:

-Ընտրությունները հերթական անգամ կեղծվեցին: Մեզ համար դա անակնկալ չէր: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ընտրակեղծիքները Հայաստանում կրում են համակարգային բնույթ, որ օգտագործվում են տարիներով մշակված այնպիսի մեխանիզմներ, որոնք անխափան ապահովում են գործող իշխանությունների վերարտադրությունը: Նրանք երբեք չեն կտրի ծառի այն ճյուղը, որի վրա նստած են: Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը ժողովուրդը չէ, Սահմանադրությունը պարզապես ժողովրդավարական պետության բուտաֆորիկ ատրիբուտ է, որում տեղ գտած նորմերը, բնականաբար, արհամարհվում են անպատկառ բռնատերերի կողմից:

Բայց իշխանությունները խոստացել էին անցկացնել աննախադեպ ազատ ու արդար ընտրություններ, եւ հիմա նրանք պնդում են, որ իրենց հաջողվեց կատարել խոստումը:

-Կեղծող իշխանություններին ոչինչ չի խանգարում նաեւ ստել: Ի՞նչ բարոյական չափանիշներով պետք է առաջնորդվեն «ինչքան ուզեմ՝ էնքան խփեմ» մտածողությանը ծառայողները: Բարոյականությունը միանգամից դուրս է գալիս քննարկումից, իսկ չափանիշը դառնում է Հայաստանի քաղաքացու հավատի, հույսի, սեփական ծննդավայրում ապրելու ցանկությունը բարբարոսաբար ոչնչացնելու գնով թուլափայ ստանալու երաշխիքների ապահովումը: 

Սպասո՞ւմ էիք արդյոք նման արդյունքների:

-Իհարկե սպասում էի: Եթե չսպասեի՝ ընտրություններին կմասնակցեի: Ընտրությունները կեղծվել էին մինչեւ փետրվարի 18-ը: Կեղծվել էին ընտրացուցակների ուռճացումով, կեղծվել էին նույն Ընտրական Օրենսգրքով, որը գրված է իշխանագողերի հանցավոր նպատակներն իրացնելու, ընտրախախտումները «եվրոպական չափանիշներ», «Վենետիկի հանձնաժողով» կեղծ բառակապակցություններով պարտակելու համար:

Եթե հետադարձ հայացք նետենք, ապա ի՞նչ եք կարծում՝ Կոնգրեսը, ինչու չէ՝ նաեւ ԲՀԿն ու ՀՅԴն իսկապե՞ս ճիշտ արեցին՝ չմասնակցելով այս ընտրություններին:

-Այո՛, ճիշտ արեցին: Այս երեք քաղաքական ուժերը միասնաբար հանդես եկան ԸՕ-ում փոփոխություններ կատարելու առաջարկով, որի ընդունումը կապահովեր ընտրությունների օրինականությունը, սակայն իշխանություններն այդ նախաձեռնությունը տապալեցին: Դրան հետևող միակ ճիշտ որոշումը պետք է լիներ ընտրություններին չմասնակցելը: Սերժ Սարգսյանին հնարավոր էր հաղթել՝ ընտրապայքարում մենակ թողնելով: Սխալ էր ընտրություններին մասնակելը: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք: Նորից նույն գետը…

Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, կգնա՞ «Ժառանգությունը» հետընտրական պրոցեսների, եւ արժի՞ արդյոք, որ գնա այդ քայլին:

-Ինչպես տեսնում եք` «Ժառանգությունն» արդեն սկսել է հետընտրական պայքարը: Միայն քաղաքական ինքնասպանը հաշվի չի նստի կես միլիոն քվեի հետ: Հայաստանյան նախագահական  ընտրություններին, որոշ բացառություններով, ավանդաբար հաջորդել է ժողովրդական ցասումը՝ ի պաշտպանություն սեփական քվեի: Ստացվում է, որ ոչ մի կերպ չենք կարողանում այդ ավանդույթը խախտել, եւ սա այն քիչ ավանդույթներից է, որ կուզեի իսպառ չքանար: Ժողովուրդն ընտրեր՝ պետությունը տեր կանգներ ժողովրդի քվեին: 

-Ի՞նչ նկատի ունեք՝ որոշ բացառություններ ասելով:

-Նկատի ունեմ 1991թ., երբ աննախադեպ ժողովրդական խանդավառության պայմաններում նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ ընտրությունները մեզ համար վերածվեցին ազգային տոնի, դրանք բացառիկ էին եւ ոգեշնչող: Հաջորդը 1996թ. նախագահական ընտրություններն էին, որոնց կապակցությամբ վերջերս մի շարք հետաքրքիր բացահայտումներ արեց իմ ընկերներից մեկը, ով ապրում է արտասահմանում: Այդ ընտրություններին ևս հաջորդեց ժողովրդի բողոքի ալիքը, սակայն այսօր ես գիտեմ, որ դա հայ Հիտլերի կողմից կազմակերպած շինծու գործընթաց էր՝ նախագահ դառնալու տենչն ամեն գնով իրականացնելու համար: Այսպիսով, մենք՝ 1996 թ. խաբված ընդդիմադիրներս, արդեն պետք է վստահ լինենք, որ այդ ժամանակ նախագահ ընտրվել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 1998թ. էլ ավելի համաժողովրդական խանդավառության, սիրո, նվիրումի արդյունքում նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը: Նորի՛ց ցասում: 2003թ. նախագահ ընտրվեց նրա լուսավոր, անբիծ որդին՝ Ստեփան Դեմիրճյանը: Նորի՛ց ցասում: 2008թ. ՀՀ նախագահը նորի՛ց Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ցասումն ու բողոքը հինգ տարի է՝ չի դադարում: Սա մեր նորօրյա քաղաքական պատմությունն է, այն չի կարելի ո՛չ մոռանալ եւ ո՛չ էլ ուրանալ: Նա, ով կփորձի հիշողության կորստի կամ լեզվի սայթաքման տիրույթում շփոթել կամ խառնել փաստերը՝ վաղը կարժանանա նույն վերաբերմունքին:

Դուք ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից եք, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, որոշվել ստեղծել ՀԱԿ կուսակցություն:

— Որոշումը Կոնգրեսի առաջնորդինն է, իսկ ես միշտ ապավինել եմ նրա իմաստությանը եւ ընդունում եմ ի կատարում:

Գաղտնիք չէ, որ ՀԱԿի ներսում որոշ խնդիրներ կային, արդյո՞ք կուսակցություն ստեղծելով՝ այդ խնդիրները կվերանան:

— Կուսակցությունն ավելի կազմակերպված, ինստիտուցիոնալ կառույց է, որում կարգապահությունը, պատասխանատվությունը, թիմային մտածողությունն ու գործելաոճը ապահովում են ավելի մեծ արդյունավետություն: Ես չեմ ցանկանում, որ ռացիոնալ լուծումներ գտնելու նպատակին ուղղված տարաձայնությունները վերանան: Դրանք ես համարում են առաջընթացի գործոններ: 

Արդյո՞ք կուսակցության դեպքում ՀԱԿը կունենա նույն ուժը, ինչ ուներ՝ կուսակցությունների միավորում լինելով:

-Մենք պետք է ձգտենք ունենալ հզոր կուսակցական կառույց եւ այլ կուսակցությունների հետ համագործակցության նոր եւ արդյունավետ ձևաչափ:

Արդյո՞ք ՀԱԿը կվերադառնա հրապարակ, կլինի քաղաքական պրոցեսներ թելադրող, թե՞, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ դիրքերը զիջել է:

— ՀԱԿ-ը, որպես ակտիվ քաղաքական գործոն, կշարունակի մնալ քաղաքական գործընթացները թելադրող, քանի որ ՀԱԿ-ն առաջնորդում է մեր ժամանակների լավագույն քաղաքական գործիչը:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Եթե Սերժ Սարգսյանը չգա, Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա հանրապետականի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքներում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են, ամենաէժանները՝ Շամլուղում’