‘Զոյա Թադևոսյան. Ելքը իշխանափոխությունն է և ժողովրդավարության հաստատումը’

172826

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

— Կխնդրեի անդրադառնալ Գյումրիում տեղի ուենցած ոճրագործությանն ու գնահատել կատարվածը:

— Խորը ցավ եմ ապրում կատարվածի համար, ցավակցում եմ Հայաստանի ողջ ժողովրդին, երկրաշարժից հետո բազմաթիվ վերքերից դեռևս չապաքինված սիրելի գյումրեցիներին: Վիշտն անսահման է… Կատարվածը ցինիկ ոճրագործություն է: Ցինիկ, քանի որ նման ոճրագործություն կատարողի համար ավելի բացահայտ կեղծ հանցագործի կերպար միայն մեզ մոտ կարելի է հորինել: Իր ծառայության վայրը լքած ավտոմատակիրը հանկարծ սեփական տների թաղամասերից մեկում մոլորվում է, ծարավում ու մի բաժակ ջուր խմելու պատրվակով գնդակահարում 5 մեծահասակների և սրախողխող անում երկու մանուկների: 28 ավտոմատային կրակոցների ձայնը ոչ մի հարևան չի լսում, քնած մեծահասակները չեն արթնանում, և հանցագործն էլ իր հանցագործության հետքերը «թաքցնելու» համար ավտոմատը, հագուստն ու կոշիկները դասավորում է տեսանելի տեղում: ՀՀ իրավապահներն ու դատախազն էլ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրենց օրինական պահանջներով հասնել ոճիրի բացահայտմանը Հայաստանում և հայաստանյան օրենքներով: Այս ոճիրն, իմ կարծիքով՝ այլ ակունքներ ու կատարողներ ունի, ինչի մասին մենք երբեք չենք իմանա:  

— Իշխանությունների գործելաոճի մասին. ՀԱԿ-ն էլ իր հայտարարության մեջ նշել էր. «Բավականաչափ ժամանակ ունենալով հանդերձ՝ համապատասխան մարմինները, անփութություն ու ոչ կոմպետենտություն դրսևորելով, չկարողացան ժամանակին հայտնաբերել ու ձերբակալել հանցագործին, ինչն անբեկանելի իրավական հիմքեր կտար քննության և դատապարտման ողջ գործընթացն իրականացնել Հայաստանի պատկան մարմինների իրավասության ներքո»։ Իշխանությունները չուզեցի՞ն, թե՞ չկարողացան ձերբակալել մարդասպանին:

— Իշխանություննե՞րը: Ունե՞նք մենք իշխանություններ:

Չնայած Գյումրում և Երևանում տեղի ունեցող հուզումներին՝ ոստիկանության հետ բախումներին, Սերժ Սարգսյանը լուռ էր: Ձեր կարծիքով, ո՞րն էր պատճառը:

— Ոճրագործությանը գնահատական տալը, անմեղ զոհերի հարազատներին, ողջ ժողովրդին ցավակցելը քաղաքակիրթ, ընդունելի, ցանկալի, երկրի ղեկավարին հարիր պահվածք է: Հակառակ դեպքում՝ դու երկրի ղեկավար չես: Ինչը որ ապացուցեց Սերժ Սարգսյանն իր վարքագծով:

— Այս դեպքերից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից Վահան Բաբայանը, անդրադառնալով Գյումրիում գլխավոր դատախազի պահվածքին, ասել էր, թե նրա հրաժարականը հասունացել է: Ձեր կարծիքով՝ միայն դատախազի՞, թե՞ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների հրաժարականը ևս պետք է պահանջել: Եւ արդյո՞ք Եռյակը կգնա նրա և իրավապահ մարմինների մյուս ղեկավարների հրաժարականը պահանջելու:

— Ես այն կարծիքին եմ, որ հարցի լուծումը դատախազին ու մնացած անպատասխանատու, վախկոտ, կոռումպացված, ինքնագոհ անբաններին նշանակողի հրաժարականի պահանջն է և նրան իշխանությունից հեռացնելը:

— Ասել է թե՝ ելքը իշխանափոխությո՞ւնն է:

— Այո, ելքը իշխանափոխությունն է: 7-8 տարի է՝ դրա համար ենք պայքարում. իշխանափոխություն և ժողովրդավարության հաստատում:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները կպայքարեն ամեն օր’