‘Զոյա Թադևոսյան. Հանրահավաքը զուլալեց քաղաքական դաշտը ‘

25689

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը

Տիկին Թադևոսյան, հոկտեմբերի 10-ին Եռյակը վերջապես անցկացրեց իր համատեղ հանրահավաքը: Ինչպե՞ս կգնահատեք այդ միջոցառումը, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Հոկտեմբերի 10-ին Եռյակը, իսկ հիմա արդեն՝ Հրաշալի քառյակը, ցուցադրեց իր անկոտրում կամքը` աննախադեպ համախմբման միջոցով մեր բզկտված հայրենիքը ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերելու, երկրում համակարգային լուրջ փոփոխություններ իրականացնելու,  ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ կյանքի պայմաններ ձևավորելու ուղղությամբ: Դա նաև լուրջ հարված էր հոռետեսական այն տրամադրություններին, որի միջոցով սերմանվում ու կարծես կարծրացած կարծիք էր դառնում այն, որ այս իշխանությունները հավերժ են, և նրանցից ազատվելու ճանապարհ չկա: Գործող իշխանությունների ապօրինությունների դեմ Քառյակի պայքարի նսեմացման բոլոր փորձերը ձախողվեցին: Հարահավաքի մասնակիցների լավատեսությունն ու ոգևորությունը, մեր ժողովրդի վճռական ու վեհ կերպարը նյարդային սուր ցնցումներ առաջացրին բոլոր նրանց մոտ, ովքեր իրենց հացը վաստակելու ազնիվ ճանապարհ չգտնելով` դարձել են գործող իշխանությունների ազգադավ ձեռնարկումների սպասարկուները: «Քաղաքական լաբիրինթոսի» անհույս հաճախորդների պակաս չունենք: Այս հանրահավաքը զուլալեց քաղաքական դաշտը:

-Ի՞նչն է հիմք հանդիսացել հանրահավաքից ոգևորվելու:

-Հավատը ընդդիմության առաջնորդների, նրանց ղեկավարած կուսակցությունների հանդեպ: Ինչպես նշեցի, այդ կուսակցությունների աննախադեպ համախմբումը, ինչպես նաև նրանց հրապարակային, բաց գործունեությունը է՛լ ավելի է խորացնում ամենակարճ ժամկետներում գործող ապաշնորհ իշխանություններին պետական կառավորման ղեկից հեռացնելուն միտված հավատը:

-Ձեր կարծիքով՝ որոնք էին Եռյակի հանրահավաքի հիմնական ուղերձները:

-Հանրահավաքի հիմնական ուղերձները, ըստ իս՝ հետևյալներն են.

1. Ժողովրդական լայն զանգվածների ճնշմամբ գործող իշխանությունների անհապաղ հրաժարականը ամիսների հարց է:

2. Մեր պայքարը բացառապես ուղղված է Հայաստանի Հանրապետությունը սոցիալ տնտեսական նվաստ վիճակի հասցրած իշխանությունների դեմ:

-Սակայն Եռյակի հասցեին եղան նաև քննադատություններ ոչ միայն իշխանությունների, այլև նախկին կոնգրեսականների կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները:

-Եթե հիշում եք, 2011 թ., երբ սկսվել էր գործող իշխանությունների հետ երկխոսության միջոցով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու՝ ընդդիմության հանրահավաքների շարքը, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկում արտահայտեց այն միտքը, որ  «ապրիլի 28-ը պետք է դառնա կա´մ երկխոսության սկզբնավորման, կա´մ էլ իշխանության և հասարակության վերջնական ջրբաժանի օր»: Շրջելով գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք՝ կոչ էինք անում ժողովրդին գալ և մասնակցել ապրիլի 28-ին կազմակերպվելիք հանրահավաքին: Այդ օրը Ազատության հչապարակը լեփ-լեցուն էր: Մարդիկ անհամբեր սպասում էին մեր նախագահի ելույթին: Ջրբաժանի խոստումը չեղյալ համարվեց, քանի որ Նիկոլն ու Սասունը գտնվում էին անազատության մեջ: Հիասթափության ալիքը Ազատության հրապարակը բաժանեց մի քանի հատվածների. մի մասը գնաց երթի, մեկ ուրիշը` բարկացած, բողոքելով ջրբաժանի հրաժարումից` հեռացավ հրապարակից, իսկ մի ստվար զանգված էլ մնաց հրապարակում: Ես նրանց շարքերում էի: Որոշեցինք նստացույց անել: Մինչ երթի մասնակիցները կվերադառնային Ազատության հրապարակ, մենք` մի հարյուր հոգով, վանկարկում էինք նստացո՛ւյց, նստացո՛ւյց: Նախագահը ինձ իր մոտ կանչեց և պահանջեց դադարեցնել նստացույցը: Դժկամությամբ, բայց ենթարկվեցի…մեկ ամիս անց Նիկոլն ու Սասունը հրապարակում էին: Մեր ոգևորությանն ու ուրախությանը չափ չկար…մոտեցա Նախագահին և ներողություն խնդրեցի: Նա ոչինչ չասաց, մեծահոգաբար ժպտաց… Գալու են այդ ժամանակները, որ բոլոր նրանք, ովքեր նախագահի հետ ճանապարհ են անցել, կապավինեն նախագահի իմաստնությանը, կգան ներողություն խնդրելու: Վստահ եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը արժանավայել և մեծահոգաբար կժպտա…Անցյալը, այն էլ՝ հարուստ, անկրկնելի, մաքառումներով և ուրախություններով լի հիշողություններով, մոռանալ հնարավոր չէ, մոռանալով անցյալդ` զրոյացնում ես ապագադ:

Իմ համախոհներին, կուսակցական ընկերներին, եթե կարելի է, մեկ խորհուրդ տամ. հետևենք մեր առաջնորդի օրինակին, ով իր քաղաքական հակառակորդներին արժանապատվորեն արհամարհում է: Արհամարհանքը դիպուկ և ավելի նպատակային զենք է չարի դեմ, քան չարին չարությամբ պատասխանելը:

Իսկ Քառյակին քննադատողներին խորհուդ կտամ ծվարել Սերժի թևի տակ, քանի որ  Լևոն Տեր-Պետրոսյանի նշաձողը շատ բարձր է, ավելի հասանելի է Սերժի նշաձողը:

-Եվ վերջում, Ձեր կարծիքով՝ իշխանափոխությունը մո՞տ է, թե՞ դեռ ոչ այնքան:

-Վստահ եմ, որ մոտ է: Հավատում եմ իմ նախագահին:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Օման-Ուրուգվայ՝ 3:0. Լուիս Սուարեսը դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երկու տարում Հայաստանից Ֆրանսիա է արտագաղթել 1047 քաղաքացի’