‘Զոյա Թադևոսյան. Պաշտոնավարման գինը չի կարող լինել զինվորի կյանքը’

3228

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը:

Տիկին Թադևոսյան, նախ կխնդրեի` անդրադառնայիք սահմանում տեղի ունեցած վերջին միջադեպերին. ինչպե՞ս կգնահատեք կատարվածը, ինչի՞ հետևանք էր սա:

Հրադադարի հաստատումից հետո չեմ հիշում որևէ ժամանակաշրջան, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմաններում հարևան երկրի կողմից հրադադարի խախտման դեպքեր չարձանագրվեն: Հետաքրքիր «պատահականությամբ» դրանք ավելի ուժգնանում են, երբ հայաստանյան ընդդիմությունն ավելի վճռական քայլերի է դիմում կամ նախաձեռնում է նման քայլեր… Վերջերս ադրբեջանական կողմից ավելի ակտիվ հրաձգությունները, սահմանի խախտման դեպքերը երկար ժամանակ որևէ գնահատականի չէին արժանանում գործող իշխանությունների կողմից, չկար նաև ադեկվատ արձագանք: Ու հանկարծ խուճապ սկսվեց, որում հստակ ուրվագծվում էր քարոզչամեքենայի կողմից պատերազմի սկսման վտանգի մասին լուրերի ակտիվ տարածումը, որին «շուք ու հմայք» էր հաղորդում կամուֆլյաժային իշխանական շոուն: Հարց է առաջանում` ինչո՞ւ ազերիների առաջին իսկ կրակոցները հակահարված չստացան: Չունենք այդ հարցի պատասխանը: Բայց գործող նախագահի հետագա գնահատականներից պարզ է դառնում, որ խուճապն անհրաժեշտ էր ընդդիմությանը քարկոծելու, սեփական անգործության մեղքը ուրիշի վրա բարդելու համար: Եթե սխալվում եմ, ապա ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանն անտեսել պատերազմի սպառնալիքը ու գնալ հանգստի… երկրորդ անգամ: Նա չգիտի՞, որ ալիևյան հիսթերիան շարունակվում է, Ալիևը շարունակում է ակտիվ հակահայկական քարոզչությունը:

Ձեր կարծիքով, ի վերջո, ո՞ւմ էին ձեռնտու այս միջադեպերը:

Ալիևին և Սերժ Սարգսյանին: Դիկտատորների իշխանությունը երկարաձգելու, ժողովրդին հնազանդ պահելու փորձված ուղի է:

Հնարավորություն ունե՞նք խուսափելու նման միջադեպերից, թե՞ ոչ: Ո՞րն է դրա ճանապարհը:

Իհարկե` ունենք: Ճանապարհը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն է: Այդ մասին բազմիցս իր հրապարակային ելույթներում, տարբեր հարցազրույցներում ասել է Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մենք Իսրայելի նման տնտեսապես հզոր երկիր չենք, որ տասնամյակներ շարունակ պատերազմենք: Ավելին, որքան ձգձգվում է խաղաղ կարգավորման ժամկետը, այնքան` մենք կորցնում ենք հօգուտ Հայաստանի հարցի կարգավորման շանսերը:

Սակայն, ոչ օրինակարգ իշխանություններն ի զորու չեն դա անելու, նրանք չեն վայելում ժողովրդի վստահությունը, ավելին` ժողովուրդն ատում է նրանց, հետևաբար կոնֆլիկտի ցանկացած հանգուցալուծում (իսկ հանգուցալուծումը անպայման փոխզիջումային կարող է լինել) միանշանակ չի ընկալվի: Օրինակարգ իշխանությունները ժողովրդի հետ կլինեն ավելի բաց, իսկ նրանց գործողությունները` թափանցիկ, ուստի միայն փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում է հնարավոր վերջնականապես հասնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակառակ դեպքում սահմանային միջադեպերը կշարունակվեն, նորից զոհեր կունենանք: Սերժ Սարգսանի պաշտոնավարման գինը չի կարող լինել զինվորի կյանքը, առանց այդ էլ` մենք նրա պաշտոնավարման համար շա~տ թանկ ենք վճարում:

Սահմանային միջադեպերի հետ կապված` ԱԺ խմբակցությունները հանդես եկան միասնական հայտարարությամբ, սա ինչպե՞ս կգնահատեք: Նաև՝ ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների հրճվանքը, որոշ դեպքերում՝ շահարկումները միասնականության, համախմբման վերաբերյալ:

Միասնական հայտարարությունը միասնաբար հանուն հայրենիքի պայքարելու արդիական բանաձև է, ինչին վերաբերվում եմ խիստ դրական: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իսկ իշխանությունների հրճվանքը հասկանալի է. նրանց թվում է` դրանով հեռացնում են սեպտեմբերը, իսկ սեպտեմբերից` հաստատ սարսափում են: Ընդդիմության միասնականությունը և վճռականությունը` հեռացնել գործող ապաշնորհ և ազգակործան իշխանություններին, այլընտրանք չունի:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ իր հարցազրույցում խոսել էր ընդդիմության մասին, ասել էր. «Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»: Սա ինչպե՞ս կգնահատեք:

Ընդդիմությունը պայքարում է, որպեսզի պատերազմի սպառնալիք ունեցող երկրի քաղաքացին երկիրը չլքի, ընդդիմությունը պայքարում է, որպեսզի ընտրությունները չկեղծվեն և երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնեն կրթված, քաղաքակիրթ, ժողովրդական լեզվով ասած` աչքը կուշտ, մարդասեր, ժողովրդավար անձինք: Ընդդիմությունը չի կարող լռել, երբ երկիրը տոտալ թալանվում է, երբ օր ու գիշեր, ներողություն արտահայտությանս համար, պազի շոֆերները մտածում են գրպանահատության նոր ձևեր հայտնագործելու և մարդկանց անխնա թալանելու մասին, երբ պետական և համայնքային բյուջեների փողերն անխնա յուրացվում են… Գնացեք Սևան քաղաք, բայց բեռնատար մեծ մեքենայի թափքին նստած կգնաք, հակառակ դեպքում` դուք քաղաք տանող ոչ մի բարեկարգ ճանապարհ չեք գտնի. ամենուրեք անանցանելի, «ռմբակոծված» փողոցներ են, ամայի քաղաք է, տխուր ու անտեր: Իսկ իմ մանկության ընկեր Ռուդիկ Հովսեփյանը մինչ քաղաքապետ ընտրվելը սարեր էր խոստանում սևանցիներին: Ո՞ւր են նրա խոստումները: Իսկ քանի, քանի միլիարդավոր դրամներ են բյուջեից հատկացվել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինության համար, ո՞ւր են այդ փողերը: Սա ընդամենը մեկ օրինակ է, այդպես է բոլոր բնակավայրերում: Հիմա ի՞նչ անեմ ես որպես ընդդիմություն, լռե՞մ: Չեմ լռի, դուք ոչ մի իրավունք չունեք իմ երկիրն այդ վիճակին հասցնելու: Ես անխնա պայքարելու եմ բոլոր նրանց դեմ, ովքեր ժողովրդի քրտնքի թեկուզ մեկ կաթիլը կլափեն:

Քննադատում եք իշխանություններին, իսկ Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել է, թե այդ քննադատություններից Ադրբեջանն է օգտվում. «Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին»: Սա ինչպե՞ս կգնահատեք:

Քննադատում ենք Սերժ Սարգսյանին և իր թիմին: Չի՞ ուզում քննադատենք, թող հրաժարական տա ու իր թիմով հեռանա: Ադրբեջանը կտխրի, որ էլ քննադատություն չի լսի, բայց հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերը կուրախանան: Այնժամ կսկսվի ներգաղթը:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Դիեգո Լոպես. լավագույն սեյվերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուրը կոչ է արել Ֆրանսիային ու Շվեյցարիային՝ ընդունել Իրաքից փախստականներին’