‘Զորաց-Քարեր հնագույն համալիրի տարածքում գտնվել է թալանված դամբարանախուց’

2467

Զորաց-Քարեր հնագույն համալիրի տարածքում գտնվել է թալանված դամբարանախուց: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում պատմել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Մ.թ.ա.առաջին հազարամյակի Կրոմլեխում իրականացված պեղումների ընթացքում գտնվել է 7 մետր երկարությամբ ծածկված միջանցք-դրոմոս: Այն տանում է դեպի 7 x 3 չափերի դամբարանախուցը, որտեղ հնեաբանների կողմից հայտնաբերվել է մ.թ.ա. 10-9 դարերի կավե բեկորներ, երկաթե նիզակներ ու վզնոցներ: Գտնվել է նաև ապակե երկու վզնոց, որոնք վերաբերվում են մեր թվարկության 10-12 դարերին: Ըստ Փիլիպոսյանի, դամբարանախուցն, ամենայն հավանականությամբ, թալանվել է դեռ հնագույն ժամանակներում: Պեղումները նախատեսվում է շարունակել նաև հաջորդ տարի:

Զորաց-Քարերը կամ Քարահունջը հնադարյան համալիր է, որը գտնվում է Սյունիքի մարզում, ծովի մակերևույթից 1770 մետր բարձրության վրա: Համալիրը գտնվում է բրոնզե դարի ժամանակաշրջանի բնակավայրի մոտ և կազմված է բազմաթիվ կանգնած քարերից, որոնց մի մասն իր վերին մասում ունի կլոր անցքեր: Քարահունջն անվանում են նաև հայկական «Սթոունհենջ»: 

Նախորդ հոդվածը‘Կարեն Կարապետյանի անկեղծության պահը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Ազգային բանկի օդեսյան մասնաճյուղում ոսկին փոխարինել են կապարով’