‘Զուրաբյանը՝ Օսիկյանին. Տուգանքների բեռը իջնելո՞ւ է, թե՞ բարձրանալու է ‘

1046

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին:

Զուրաբյանի հարցն այն մասին էր, որ ինքը վստահ է, որ եթե իրավապահները լավ մենեջմենթ են կազմակերպել, ապա իրավախախտումների վերաբերյալ տարեկան կտրվածքով բազա պիտի ունենան: Զուրաբյանը հարց ուղղեց՝ «մեկ տարվա կտրվածքով եթե թույլ տրված բոլոր տուգանքները հաշվարկվեին առաջարկվող նոր չափանիշներով, ապա կարո՞ղ է գնահատել՝ այդ մեկ տարվա ընթացքում հավաքական գումարը ի՞նչ տարբերություն կտար»:

Նա նաեւ նշեց, որ մարդիկ իրենց աշխատածի համեմատ շատ ավելի մեծ ծախսեր են անում, եւ որ անգամ կարգապահ վարորդներն են բողոքում, որ ամսական  50-60 հազար դրամ են ծախսում տարբեր տեսակի տուգանքների վրա: «Ուզում եմ հասկանալ՝ ձեր առաջարկած միջոցները ինչքանո՞վ կկրճատեն այդ գումարները»,- հարցրեց Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Օսիկյանը հայտարարեց, թե ֆինանսական գնահատական չի տա, քանի որ ամեն ինչ շատ հարաբերական է, թե ունենալու են նոր սարքեր, եւ դրանից հետո պատկերն այլ է լինելու, քան նախորդ տարիներին: Հետո նշեց, թե տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո վարորդները սկսել են ավելի քիչ խախտումներ անել, եւ որ սա, մի կողմից՝ լավ է, որովհետեւ, իբրեւ թե, կառավարության նպատակն այն էր, որ իրավախախտումները կանխարգելեն: «Ծախսերի իմաստով՝ չեմ կարծում, թե սա բեռ է քաղաքացիների համար, գոնե՝ նրանց համար, ովքեր իսկապես նորմալ տրանսպորտային միջոց են վարում: Գոնե մենք խախտումները եթե բեռ համարենք, այս առումով որոշակի նվազ վտանգավոր դեպքերի համար տուգանքները իջնում են: Եթե մարդը տրանսպորտային միջոց է վարում, պետք է փորձի իրավախախտում չանի: Իհարկե, հնարավոր են դեպքեր, որ որոշակի իրավախախտում կատարեն, բայց կարծում եմ՝ գոնե մեկ-երկու դեպքերից հետո իսկապես ազդեցություն է ունենալու տուգանքի չափը, որ մտածի իրավախախտում չկատարի եւ ֆինանսական կորուստ չկրի: Սա այն դեպքն է, որ մարդու վարքագծով է պայմանավորված»,- հայտարարեց նա:

Զուրաբյանը նորից հարցն ուղղեց. «Այսինքն, դուք չունե՞ք խախտումների համակարգչային բազա»:

«Ունենք»,- հայտարարեց Օսիկյանը:

«Եթե ունենայիք, շատ հեշտ կլիներ այդ հաշվարկները կատարել: Ասենք՝ պայմանական եմ ասում. 10 մլրդ դրամ է եղել, այս նոր հաշվարկով դրանք կարժենան 7-8 մլրդ կամ 12 մլրդ: Սա էր կարեւորը, որ հասկանանք, որ, ի վերջո, բեռը իջնելո՞ւ է, թե՞ ավելանալու է: Սա է հարցի նպատակը»,- նշեց Զուրաբյանը:

Հարցին այդպես էլ պատասխան չհնչեց:

 

Նախորդ հոդվածը‘Մշնախի քյաբաբասերները կամ «Համեցեք Գառնի ռեստորան» (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Սա քառյակի 12 պահանջներից մեկի մասնակի կատարում է. Տեսանյութ’