‘Զուրաբյանը Մինյոնին առաջարկել է նոր համազեկուցողներ նշանակել ‘

1577

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, մեր տեղեկություններով այցելել է ALDE խումբ,եւ ցանկացել է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան՝ կապված ԵԽԽՎ-ի հետ, եւ նաեւ խնդրել է, որ պատգամավորները անկեղծ քննադատություն ներկայացնեն: Ի պատասխան այդ դիմումի խոսք է վերցրել նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրե խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, եւ ասել, որ իր կարծիքով թեեւ շատ կարեւոր է Մինյոնի ուշադրությունը ԼՂ եւ այլ հակամարտությունների նկատմամբ, այնուամենայնիվ, այդ հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ ավելի կարեւոր է, որ ԵԽ-ն զբաղվի առաջնային խնդիրներով եւ հետեւի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հաստատման խնդիրներով:

Նա նշել է, որ այս առումով, Հայաստանի պարագայում ստեղծվել է բավականին անցանկալի մի իրավիճակ, քանի որ ԵԽ-ն շատ քիչ ինֆորմացիա է ստանում Հայաստանի վերաբերյալ, Հայաստանը, ըստ էության, չկա նորություններում, եւ ԵԽԽՎ պատգամավորները զրկված են Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ ժողովրդավարության խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հնարավորությունից:

Զուրաբյանն ասել է նաեւ, որ իրավիճակը ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ այն մարդիկ, որոնք ԵԽԽՎ կողմից հատուկ նշանակված են այդ գործը անելու նպատալով, այսինքն, Հայաստանի համազեկուցողներն են, երկուսն էլ, ըստ էության, մեկ տարուց ավել է ոչ  ԵԽԽՎ նստաշրջանին են մասնակցում, ոչ էլ՝ այցելում են Հայաստան:

Զուրաբյանը փորձ է արել արագորեն անհրաժեշտ քայլեր կատարել, որպեսզի նշանակվեն նոր համազեկուցողներ՝ ավելի անաչառ, ակտիվ եւ եռանդուն, որոնք ի վիճակի կլինեն կատարել իրենց վրա դրված առաքելությունը: 

Ի դեպ, հիշեցնենք,որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի վաղը կայանալիք հերթական նիստի օրակարգում կա նաեւ Հայաստանին վերաբերվող կետ: Մասնավորապես, կքննարկվի նաեւ Հայաստանի հարցով նախկին համազեկուցող բրիտանացի Ջոն Պրեսկոտի փոխարեն նոր համազեկուցող նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի հարցով մյուս համազեկուցողը գերմանացի Աքսել Ֆիշերն է: 

  

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Լեոնենկո. Մխիթարյանը «Լիվերպուլում» կձախողվի’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Մոտենում է Մարտակերտ շրջկենտրոնի ազատման պահը ‘