‘Զուրաբյանը պահանջել է, որ Աշոտյանը բացատրություններ տա ‘

2230

ԱԺ այսօր մեկնարկած նիստում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց ուսումնական հաստատություններում «Այո»-ի քարոզչությանը, ըստ էության, ուսուցիչների ներգրավված լինելու մասին, որով նրանք փորձում են ճնշումներ գործադրել նաեւ ծնողների վրա: 

«Քանի որ բազմիցս հայտարարել եք, որ կարեւորում եք սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը, չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ, որ նախարար Արմեն Աշոտյանից Աժ անունից հենց հիմա բացատրություն պահանջեիք, առավելեւս, որ սա իր կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքն է,եթե հիշենք նաեւ իր`իշխող կուսակցության փոխնախագահի մասնակցությունը Հանրային հեռուստատեսության բանավեճային հաղորդման վարողի դերում, ինչը խախտում է Հանրային հեռուստատեսության անկողմնակալության եւ հավասարության սկզբունքը:  

Խնդիրը կապված է ոչ միայն Աշոտյանի, այլեւ նրա հրահանգները կատարող բոլոր ուսուցիչների հետ, քանի որ նման ճնշումները ծնողների վրա, ՔՕ 149-րդ հոդվածի համաձայն՝ ենթադրում են քրեական պատասխանատվություն ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար եւ պատժվում են 2-5 տարի ազատազրկմամբ:

Սա արտակարգ հարց է, եւ մենք առաջարկում ենք ձեզ` որպես ԱԺ նախագահ, բացատրություններ ստանալ Արմեն Աշոտյանից, ով, ըստ էության, ստացվում է` զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործության»,- Գալուստ Սահակյանին հարցրեց Զուրաբյանը:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը իր ոչինչ չասող ոճի մեջ բավականին «ուշագրավ» պատասխան տվեց` հակասելով ինքն իրեն. «Ձեր ասելով՝ ստացվում է, որ պատգամավորները պիտի չմասնակցեն, ուսուցիչները չմասնակցեն, կառավարության անդամները կարծիք չասեն, միայն դուք պիտի ունենա՞ք: Դա պրովոկացիոն հայտարարություն է, որեւէ նման փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչը անձնազոհ ձեւով գնում է խախտումների, եւ երկրորդը, դեռ ընտրության օրը չէ, ի՞նչը պիտի խախտեն: Ասենք` եթե ուսուցիչը ինչ-որ ձեւով մտածում է, որ «այո» պիտի ասի, դա խախտո՞ւմ է: Լավ, կասենք ուսուցիչներին սրանից հետո բառարանից այո բառը կհանեն, կթողնեն միայն ոչ-ը, ոչ-ը կասեն»:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչի անունը’
Հաջորդ հոդվածը‘Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ’