‘Զուրաբյան. Այդ պաշտոնում ձեզ դրել են ծառայելու Սերժ Սարգսյանին’

1663

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ ՄԻՊ ընտրության ժամանակ

<Հարգելի խորհրդարան,

Նախ ներկայացնեմ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի վերաբերյալ:

Մենք արդեն ասել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ո՛չ առաջադրման, ո՛չ իր հետ հանդիպմանը, ո՛չ էլ քվեարկության գործընթացին, թ՛ե պետաիրավական հանձնաժողովում, թ՛ե ԱԺ լիագումար նիստում, չենք մասնակցելու։ Նման դիրքորոշման գլխավոր պատճառն այն է, որ մեզ համար ի սկզբանե՝ դեռ Կարեն Անդրեասյանի հրաժարականից ի վեր, պարզ էր, որ նոր Օմբուդսմենի ընտրությունը մի գործընթաց է, որի արդյունքը կանխորոշված է Սերժ Սարգսյանի կաբինետում։ 

Նման եզրակացության գալու համար պետք է ընդամենը սթափ վերլուծել կատարվածը։ Նախ ակնհայտ է, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականը պարտադրված էր Սերժ Սարգսյանի կողմից։ Անդրեասյանը քիչ թե շատ արժանապատիվ կատարեց իր գործը անցած հինգ տարիներում: Նրա պաշտոնավարմանը մնացել էր ընդամենը մեկ տարի, որից հետո նա պետք է պատվով հեռանար այս աշխատանքից եւ կուտակած հեղինակության եւ պրոֆեսիոնալ կապիտալով շարունակեր իր խոստումնալից կարյերան։ Եվ ուրեմն ի՞նչքան հզոր պետք է լիներ նրա վրա գործած ճնշումը, որ սեփական վարկի համար շոշափելի կորուստների գնով Անդրեասյանը ստիպված լիներ գնալ, առանց որեւէ բացատրություն տալու եւ միայն ակնարկելով այն մասին, որ իշխանական համակարգն է նրան դուրս է մղում։

Պետաիրավական հանձնաժողովը որպես իրավասու ընտրելը նշանակում է, որ նորից ամենինչ արվել է, որ գործընթացը վերահսկողության տակ պահվի։ Սրամասին արդեն մանրամասն խոսվել է, եւ ես չեմ ցանկանում կրկնել մեր փաստարկները:

Հիմա սա ի՞նչ է: Սա վերահսկելի կամ կառավարելի ժողովրդավարության մոդելն է /ժամանակակից քաղաքագիտության մեջ անգլերեն հայտնի որպես ”managed democracy’’/։ Իբր ամենինչ արվում է ժողովրդավարական մեխանիամզներով, բայց լրիվ վերահսկելի ռեժիմի համար։ Եւ սա չի վերաբերվում միայն ՄԻՊ-ի հարցին։ Հայաստանն այսօր հենց այդպիսի վերահսկվող ժողովրդավարություն է բոլոր ոլորտներում։ Իբր կա խորհրդարան, իբր կա բազմակուսակցական  համակարգ, իբր կար ընտրվող նախագահ /շառից-փորձանքից հեռու այդ մի ինստիտուտը վերացրիք, կրկին իրավիճակը ավելի վերահսկելի դարձնելու նպատակով/, իբր կա խոսքի ազատություն, իբր կան ընտրություններ։ Բայց այս ամենը ընդամենը ժողովրդավարության ֆասադ է, որի ետեւում թաքնված է բավականին ավտորիտար մի ռեժիմ, որը տոտալիտար ճնշումների եւ ընտրակեղծարարության շնորհիվ վերահսկում է ընտորւթյունների արդյունքը, եւ եթե կարողանար, չէր թողնի, որ խորհրդարանում ընդհանրապես լիներ իրական ընդդիմություն։ Այ սա է ամբողջ խնդիրը, որովհետեւ ժողովրդավարությունը վերահսկելի չի լինում:

Դուք մի գուցե եւ կիրթ, աշխատասեր, պրոֆեսիոնալ երիտասարդ եք։ Բայց դա բավարար չէ։ Խնդիրն այն է, որ դուք նշանակվելու եք վերհսկելի գործընթացի շնորհիվ, ձեր աչքերի առաջ ունենալու եք Կարեն Անդրեասյանի հետ պատահածը, եւ ամենայն հավանականությամբ, ռեժիմն առաջադրել է ձեր թեկնածությունը, վստահ լինելով, որ ունի ձեր վրա ազդելու բոլոր անհրաժեշտ լծակներ։ Սա նշանակում է, որ դուք կպաշտպանեք մարդու իրավունքները երկրում ուղիղ մինչեւ այն սահմանը, որից հետո բախվում եք մի շատ կոնկրետ մարդու իրավունքների հետ։ 

Եւ այստեղ նույնպես հայտնի սովետական անեկդոտի չուկչան կարող էր ասել. Այո, նա մարդու իրավունքների պաշտպան է, եւ չուկչան գիտի այդ մարդու անունը։ Հարցը իրականում հենց այդքան պարզ է. այս պաշտոնում դուք պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի՞ իրավունքները, թե՞ նրա ռեժիմի կողմից միլիոնավոր մարդկանց խախտված  իրավունքները:

Պատահաբար չէր, որ հարց տվեցի քաղբանտարկյալների մասին: 2008 թվականի իրադարձություններից հետո այս ռեժիմը երեք տարի շարունակ մի քանի տասնյակ մարդ պահեց բանտում եւ բաց թողեց նրանց միայն 2011 թվականին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից կազմակերպված համաժողովրդական շարժման ճնշման եւ պահանջների ներքո: Այդ ժամանակվա մարդու իրավունքների պաշտպանը ոչինչ չարեց խայտառակ դատավարությունների դեմն առնելու եւ ակնհայտ անարդար վճիռներ կայացրած դատավորներին պատասխանատվության կանչելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը նման հնարավորություն ունի, եւ ունի օրենքով վերապահված լիազորություններ: Օրինակի համար մեջբերեմ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 12-րդ հոդվածի 7 եւ8 կետերը՝ «7) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով.

8) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ։ Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում»:

Այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակապես չօգտվեց այդ հնարավորությունից, ու դա է պատճառը, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ես ելույթ ունեցա Եվրոպական դատարանի դատավոր նրա նշանակվելու դեմ, պարզաբանելով որ նա ադեկվատ քայլեր չի կատարել Հայաստանում քաղբանտարկյալներ թույլ չտալու ուղղղությամբ: Բայց վերադառնանք այսօր քննարկվող թեկնածուի անձին:

Առայժմ մենք չունենք որեւէ հիմք մտածելու թե դուք պաշտպանելու եք Հայաստանի քաղաքացիների իրավունքները։ Ավելին, այն գործընթացը, որով դուք անկասկած կընտրվեք, ինքնին մի երաշխիք է ռեժիմի համար, որ այդ պաշտոնում նշանակում է մի մարդու, որի վերահսկելիության վրա ունի 100 տոկոսանոց վստահություն։

Բայց յուրաքնչյուր մարդ ունի ընտրության իրավունք։ Այդ պաշտոնում ձեզ դրել են ծառայելու Սերժ Սարգսյանին, բայց դուք ունեք բոլոր հնարավորությւոնները ծառայելու ժողովրդավարությանը։ Ճիշտ է, եթե բռնեք այդ ճանապարհ, արդեն դուք կունենաք պաշտպանության կարիք: Հայաստանն այն երկիրն է, որտեղ առաջին հերթին պետք է պաշտպանել մարդու իրավունքների պաշտպանին: Բայց կարող եք վստահ լինել, որ ցանկացած քայլ այդ ուղղությամբ կբերի ձեզ միայն պատիվ, հարգանք եւ հանրային աջակցություն>:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կուսակցությունները Բակո Սահակյանին առաջարկել են ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքի մասին’