‘Զուրաբյան. «Այո»-ի շտաբը զանգվածաբար դրդում է մարդկանց քրեական հանցագործության’

1305

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին:

«Դիմում եմ վարչապետին, ես՝ որպես «Ոչ»-ի քարոզարշավի համատեղ շտաբի պետ, նրան՝ որպես «Այո»-ի քարոզարշավի շտաբի պետի: Երբ նշանակվեցիք «Այո»-ի քարոզարշավի շտաբի պետ, եւ ձեզ հետ միասին նշանակվեցին նախարարներ, մարզպետներ, մենք արդեն ունեցանք մտավախություններ, որ չնայած դա օրենքի խախտում չէր՝ ֆոմալ, բայց դա հստակ ազդակ էր, որ օգտագործելու եք վարչական ռեսուրսն ու ճնշումները՝ խոչընդոտելու համար մարդկանց ընտրական իրավունքը: Պարզվեց, որ այդ սպասելիքները լրիվ արդարացված են. կառավարության, նախարարների եւ մարզպետների հրահանգով պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների աշխատռողներին հրահանգ է տրված, որ նրանք կազմեն ինչ-որ հատուկ ցուցակներ՝ այո քարոզելու նպատակով, այսինքն, մարդկանց վրա գործադրում են ճնշումներ: Այդ մարդկանց վրա դրված է պարտավորվածություն, որ քվեարկեն այո: Նման ճնշումների համար քրեական հոդված կա՝ 149-րդ հոդվածը, այսինքն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ խոչընդոտել ընտրական իրավունքին, ընդ որում՝ այդ առումով նույն ճնշումները գործադրվում են հանձնաժողովների անդամների վրա արդեն: Սա նշանակում է, որ դուք, ձեր շտաբը զանգվածաբար դրդում է մարդկանց մի քրեական հանցագործության, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Ես դիմում եմ ձեզ, ասում եմ՝ խնդրում եմ, մի՛ դարձրեք հազարավոր մարդկանց հանցակից այս հանրաքվեի կեղծմանը, մարդիկ արժանի են ավելի լավ ճակատագրի»:

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե տեղյակ չէ նման դեպքերի, եւ թող մեկ փաստ ներկայացվի:

Զուրաբյանն արձագանքեց. «Շատ հստակ մի բան կա: Էս պրոցեսի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ, հիվանդանոցի աշխատողներ, ուսուցիչներ, նրանց հետ շփվող ծնողներ, բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում, հիմա եթե հարց է դրվում՝ ես եմ ճիշտ ասում, թե դուք, ուրեմն, իմացեք, այսօր ամբողջ մեր բնակչությունը, իմանալով, թե իրականում ինչ է կատարվում, որովհետեւ սա վերաբերում է բոլորին, արդեն էդ դատավճիռը կայացրել է: Մեր բնակչությունը գիտի, թե ով է ասում ճշմարտությունը՝ե՞ս, թե՞ դուք: Իսկ կոնկրետ դեպքերի համար վստահ եղեք, հենց որ գտնենք այն համարձակ մարդուն, ով պատրաստ է ձեր բռնաճնշումներին դիմակայել, կներկայացնենք, հուսով եմ՝ նման համարձակ մարդիկ կգտնվեն, բայց, ամեն դեպքում, ժողովուրդը գիտի ճշմարտությունը»:

Աբրահամյանն էլ ասաց, թե  իրենք որեւէ մեկին չեն ճնշում, եւ եթե կան ճնշվողներ, ապա նրանք «թող դիմեն» անձամբ իրեն:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կառավարությունը որդեգրել է «սուխոյ ատկազի» մարտավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Սեն-Դենիում ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է’