‘Զուրաբյան. Այս խաղում Քառյակը կամ ժողովուրդը պարտվել չեն կարող’

2876

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

— Այս շաբաթ Քառյակը հրապարակեց իր 12 կետանոց պահանջները եւ մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ տվեց իշխանություններին՝ կատարելու դրանք: Ոմանք սա գնահատեցին լուրջ քայլ, որ ընդդիմությունը թելադրում է իր քաղաքական օրակարգը, ոմանք սա գնահատեցին արձակուրդ մեկնելուց առաջ արված քայլ, որպեսզի ցույց տրվի, թե ընդդիմությունն աշխատում է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր սա:

— Հայ ազգային կոնգրեսի համար գլխավոր խնդիրը ձեւակերպվել է Կոնգրեսի ստեղծման ժամանակ՝ դեռ 2008թ., այն է՝ Հայաստանը չի կարող զարգանալ, չի կարող դառնալ նորմալ պետություն, չի կարող վստահելի լինել իր քաղաքացիների համար, եթե չլուծվի երկրի համար մեկ ամենակարեւոր հարցը՝ ժողովրդավարության վերականգնումը եւ ազատ եւ արդար ընտրություններով ժողովրդի կողմից սեփական իշխանության ձեւավորումը: Այդ խնդրի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը Սերժ Սարգսյանի գողապետական (կլեպտոկրատիկ) ռեժիմն է, որն իր իշխանությունը ապահովում է լայնածավալ ընտրակեղծիքներով ԱԺ-ում ձեւավորված Հանրապետական կեղծ մեծամասնության եւ նույնքան կեղծված ընտրություններով յուրացրած նախագահական լծակների միջոցով: Ուստի, մեր քաղաքական գործունեությունն ուղղված է նրան, որ հասնենք գործող նախագահի հրաժարականին ու ԱԺ-ի լուծարմանը, ինչը ճանապարհ կբացի նոր ընտրություններով ժողովրդավարության վերականգման համար: Սա գիտակցում է մեր ողջ հասարակությունը, եւ, բնականաբար, ռեժիմը Հայաստանում իր գլխավոր թշնամին է համարում հենց Հայ ազգային կոնգրեսին, որն առաջնորդում է ժողովրդի պայքարն այդ ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք նույնպես վայելում են ժողովրդի զգալի հատվածների վստահությունը, բայց խնդիրները նույնքան կտրուկ եւ արմատական չեն դնում, թեեւ՝ կիսում են մեր դիրքորոշումները ներկա իշխանությունների կոռումպացվածության, ոչ կոմպետենտության եւ անարդյունավետության մասին: Քանի որ Հայ ազգային կոնգրեսը գիտակցում է, որ վերոհիշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լայն հանրության կոնսոլիդացիա, ժողովրդական զանգվածների աննախադեպ ակտիվացում եւ ռեժիմի լիակատար մեկուսացում, մենք որոշեցինք՝ պահպանելով մեր ինքնուրույն առաջնային օրակարգը, զուգահեռաբար ստեղծել այդ քաղաքական ուժերի հետ նաեւ այլ՝ միասնական քաղաքական օրակարգ: Սա, մի կողմից, թույլ կտա մեծացնել քաղաքական գործընթացներին մասնակից ժողովրդի զանգվածը, մյուս կողմից՝ ստեղծել երկրում այնպիսի նոր քաղաքական իրավիճակ, որն ի վերջո իրատեսական կդարձնի ռեժիմի հեռացումը: Քառյակի համատեղ հայտարարությունը հենց այդպիսի մի գործիք է, որը թույլ է տալիս երկրում սկսել լայնածավալ ու բովանդակալից քաղաքական գործընթաց՝ ժողովրդի մասնակցությամբ: Եվ ես համարում եմ, որ 12 կետանոց մեր պահանջներից առավել կարեւոր կետը, որը համարակալված չէ, մեր համատեղ որոշումն է՝ աշնանը Ազատության հրապարակում հավաքել Հայաստանի ժողովրդին:

— Մի կողմից՝ հայտարարում եք, որ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, որին չեք ընդունում, որին չեք վստահում, բայց, մյուս կողմից՝ այդ ռեժիմին պահանջներ եք ներկայացնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

— Մի մոռացեք, որ ՀԱԿ-ի առաջնային պահանջները մնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ-ի ցրումն ու համապետական նոր ընտրությունների անցկացումը: Պահանջներ, որոնք մենք շարունակելու ենք հետապնդել անկախ ամեն ինչից: 12 կետերն ընդամենը 4 քաղաքական ուժերի միջև ձեռք բերված փոխզիջման արդյունք են: Այսինքն՝ այդ համաձայնագրի մեջ մենք ներառել ենք միայն այն կետերը, որոնց շուրջ ձեռք է բերվել բոլոր չորս ուժերի համաձայնությունը, եւ դուրս են մնացել այն պահանջները, որոնք չեն ստանում թեկուզ եւ մեկ ուժի աջակցությունը: 12 կետը, որ մենք ներկայացրել ենք, պահանջներ են, որոնք պետք է կատարվեն Հայաստանի ցանկացած իշխանության կողմից, այդ թվում՝ նաեւ մեր, երբ մենք գանք իշխանության: Պարզ են նաեւ այս պահանջների չկատրաման քաղաքական հետեւանքները: Եթե իշխանությունը չի կատարում այս պահանջները, ուրեմն՝ դրանք պետք է կատարի մեկ այլ իշխանություն: Իսկ պահանջները շատ պարզ են: Դրանք, ի դեպ, մեր քաղաքական կամ տնտեսական ծրագիրը չեն, դրանք ընդամենը պետականորեն կազմակերպված թալանի եւ ժողովրդի քերթման վերացման առաջին ու նվազագույն քայլերն են, որ պետք է անհապաղ իրականացվեն Հայաստանում:

-Քառյակի վերջին ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ է ամբողջական իշխանափոխության, ԲՀԿ-ն՝ իր համար չկան տաբու թեմաներ, Ժառանգությունը եւս կողմ է ամբողջական իշխանափոխության: Այսքանից հետո ի՞նչն է խանգարում, որ քառյակը այս հարցում էլ լինի միասնական:

— Խանգարում է միայն քաղաքական այդ գործընթացի հասունացման եւ տեմպերի վերաբերյալ մեր դիրքորոշումների տարբերությունը: Բայց ակնհայտ է, որ համաձայնության դաշտը օրեցօր լայնանում է, եւ ես վստահ եմ, որ պետական կառավարման շարունակվող ձախողումներն ի վերջո մեզ բոլորիս բերելու է նույն դիրքորոշման: Այդ հարցում մեր գլխավոր դաշնակիցը, ինչպես միշտ, իշխանությունն է, որն իր ամենօրյա գործունեությամբ ապացուցում է իր հակապետական, կրիմինալ ու շահամոլ բնույթը:

— Իշխանությունները բավական լավ արձագանքեցին Քառյակի 12 պահանջներին, անգամ ողջունեցին՝ դրանք անվանեցին կոնստրուկտիվ: Իշխանությունները նաեւ պատրաստակամություն են հայտնել՝ կատարելու այդ պահանջները: Ձեր գնահատականը սրան:

— Պահանջները կառուցված են այնպես, որ այս խաղում Քառյակը կամ ժողովուրդը պարտվել չեն կարող: Եթե մինչեւ սեպտեմբերի վերջ իշխանություններն իսկապես կատարեն այս պահանջները, ինչին, հաշվի առնելով այս իշխանությունների հանցավոր բնույթը, ես չեմ հավատում, ուրեմն՝ այդ անհավանական դեպքում ժողովուրդն Ազատության հրապարակում ուղղակի կարձանագրի իր հաղթանակը եւ կշարունակի ակտիվ մասնակցությամբ տնօրինել իր բախտը: Եթե չեն կատարի, բնական է, որ ժողովուրդը պետք է գնա ավելի արմատական պահանջների: Երկու դեպքում էլ  գլխավոր նվաճումը լինելու է այն, որ լինելով հրապարակում՝ ժողովուրդը դառնում է քաղաքական գործընթացների գլխավոր շարժիչը եւ կրողը:

— Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե պահանջների կեսը կամ կեսից ավելին ենթակա են կատարման: Կբավարարի՞ Քառյակին, եթե պահանջներն ամբողջությամբ չկատարվեն, այլ դրանց կեսն իրականություն դառնա:

— Եթե ինքն իր խոստումները կատարելու է այնպես, ինչպես կատարեց մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման կամ կուտակային պարտադիր բաղադրիչը հանելու գործում,  ուրեմն՝ ինքը դատապարտված է պարտության: Ճառագայթող օպտիմիզմով եւ ժպտադեմ համառությամբ  կարելի է ընդամենը ժամանակավորապես շահել դիմացինին, իսկ դրանից հետո գործում է միայն մեկ չափանիշ՝ մարդն իր խոսքի տե՞րն է, թե՞ ոչ: Իր խոսքի տերը չլինելու ապացույցներ Հովիկ Աբրահամյանը տրամադրել է, հակառակի՝ դեռ ոչ:

— Ի դեպ, իշխանությունները սուր արձագանքեցին միայն Քառյակի հայտարարության ընդունման օրը Սերժ Սարգսյանի հասցեին ձեր հայտարարություններին՝ ասելով, որ նման խոսքերով փչացնում եք կառուցողական առաջարկները եւ այլն, եւ այլն:

— Միշտ ուրախ եմ փչացնելու իշխանությունների տրամադրությունները: Մի բան էլ ասեմ՝ իրենք են ստեղծել մի իրավիճակ, երբ ճշմարտությունը մշտապես փչացրել ու փչացնելու է իրենց տրամադրությունը:

— Նիժնի Նովգորոդում  ռուս պատագամավորների հետ հանդիպման ժամանակ Ձեր հայտարարության մեջ, ըստ էության, Դուք տվեցիք այն պատասխանը, որ Սերժ Սարգսյանը պետք է տար Աստանայում: Այնուհետեւ՝ Ձեր ելույթում բարձրացված հարցը ներառվեց նաեւ 12 կետերի մեջ: Արդյո՞ք այս պահանջի արծարծումը, Ձեր կարծիքով, կօգնի ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

— Այս հարցում Հայաստանը խայտառակ դիվանագիտություն է տանում, դրա վկայությունն է Սերժ Սարգսյանի խղճուկ պահվածքը Աստանայում, երբ նա դժվարությամբ էր ընկալում Նազարբաեւի խոսքերը, թեեւ՝ պետք է նախապատրաստված լիներ, իսկ երբ նրան հնարավորություն տրվեց պատասխանելու, նա չգտավ ճիշտ պատասխանը եւ լռեց: Պատասխանը միակն էր՝ մեր դիվանագիտությունը 1991թ. ի վեր ընկալելի է եղել եւ հասել է իր նպատակներին, երբ միջազգային հանրության առջեւ դրել է ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների հարցը: Սերժ Սարգսյանը այնքան է կորցրել իր լեգիտիմությունը ներսում եւ այնքան կախված է արտաքին ուժերի բարյացակամությունից, որ պարզապես իր մեջ ուժ չի գտնում խոսել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԼՂ ժողովրդի անունից: Այս տխուր իրողության մասին մենք իմանում ենք ոչ միայն Աստանայի հանդիպման պատկերներից, այլ նաեւ մեր դիվանագիտական շփումներից: Ուրեմն՝ ընդդիմությունը ստիպված իր վրա պետք է վերցնի Հայաստանի եւ ԼՂ ժողովրդի լեգիտիմ շահերը միջազգային հանրության առջեւ պաշտպանելու գործը: Ասեմ նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր լեգիտիմությունն աստիճանաբար կորցնում է անգամ իր քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ի ու ԼՂՀ իշխանական վերնախավի մոտ, ինչն արդեն բացեիբաց արտահայտվում է ոչ պաշտոնական շփումների մեջ:

— Եւ վերջին հարցս՝ ի՞նչ եք կարծում, աշնանը Քառյակի նախանշված հանրահավաքը կկայանա՞, թե՞ Սերժ Սարգսյանը խափանելու համար ձեր պլանները կզոհաբերի նաեւ այս կառավարությանը:

— Այս հնարքը երկրորդ անգամ կիրառել չի ստացվի: Սա իրականում Սերժ Սարգսյանի վերջին փամփուշտն էր, որն իրեն ստիպեցինք օգտագործել: Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա դրա կայացման գլխավոր երաշխավորը ժողովուրդն է եւ նրա անխնա արհամարհանքն այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ի վիճակի չեն պաշտպանել նրա շահը եւ տեր լինել սեփական խոսքին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Նախորդ հոդվածը‘ՀԱՀ-ում տղամարդը կերել է սիրային հարցում իր մրցակցի սիրտը’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-դե-Ժանեյրոյի երեք օդանավակայաններ գործադուլ են անում’