‘Զուրաբյան. Այս հաշվետվությունները վաղուց թղթի կտոր են դարձել (Տեսանյութ)’

1161

Այսօր ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Իր ելույթում Զուրաբյանը նշեց, որ թվում է, թե տեխնիկական հարցեր են քննարկում, փոքր հարցեր, սակայն իրականությունն այլ է: «Օրինակ՝ նույն «Նարեկ» հանգստյան տան նվիրատվության մասին հարցը: Նախ՝ ուզում եմ ճշտում անել. մենք կողմ ենք, որ հանգստյան տունը մասնավորեցվի, եւ այնտեղ ապրող բնակիչները դառնան սեփականատեր: Ուղղակի կարծում ենք, որ դա պետք էր անել օրինական ձեւով եւ ուղղակի: Ընդ որում, դա ավելի արագ գործընթաց էր ենթադրում: Պարզաբանելու համար իմ պնդումը ուզում մեջբերում անել «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքից: Հոդված 14-ը ցույց է տալիս պետական գույքի մասնավորեցման ձեւերը: Այդ հոդվածում հստակ ասվում է, թե որոնք են այդ ձեւերը.  

1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ հիմնական ձեւերով՝

ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.

բ) աճուրդ.

գ) մրցույթ (այդ թվում՝ միջազգային մրցույթ).

դ) ուղղակի վաճառք.

ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.

զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.

է) բաժնետոմսերի վաճառք՝ մասնագիտացված շուկաներում.

ը) պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:

Հիմա, տեղի է ունեցել ոչ թե օգտագործման իրավունքի փոխանցում, այլ նվիրատվություն, որոնք բացարձակապես տարբեր բաներ են: Նվիրատվությունը ենթադրում է սեփանակատիրոջ փոփոխություն, իսկ օրենքի մեջ խոսքը գնում է օգտագործման իրավունքի փոխանցման մասին: Եւ եթե ինտելեկտուալ ազնվություն ունենք, պետք է արձանագրենք, որ օրենքը խախտվել է »,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, թվում է, թե մեծ բան չէ, որովհետեւ, ի վերջո, անմեղ խախտում է, նպատակն էլ՝ նորմալ: Բայց խնդիրը, նրա խոսքով, հենց սա է, որ հաճախ ԱԺ դահիլճում եւ ընդհանրապես իշխանությունները հաճախ են շեղվում օրենքի ոգուց եւ տառից, ինչը ունենում է աղետալի հետեւանքներ Հայաստանի համար:

«Օրինակ՝ հնարքներից մեկն այն  է, որ փոխանակ սեփականացնեն ընկերությունը, մասնավորեցնում են նրա ակտիվները:  Սա վերջերս գործարկվող մի հնարք է, որը թույլ է տվել շրջանցել ԱԺ-ն եւ կատարել լուրջ հանցագործություն: Օրինակ՝ «Որոտանի» դեպքը: Հիշում եք, որ արդարադատության նախկին նախարարը մեզ բոլորիս ապացուցում էր, որ խոսքը ոչ թե պետական գույքի սեփականաշնորհման մասին էր, այսինքն՝ գույքը ոչ թե վաճառված ակտիվներն են, այլ բաժնեմասերը, իսկ պետական բաժնեմասը, ձեռնարկության ակտիվները արդեն գույք չեն, եւ օրենքի սահամանափակումները դրանց վրա չեն տարածվում, եւ ԱԺ բերել պետք չէ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեջբերել նույն օրենքի 2-րդ Հոդվածը.

Օրենքում օգտագործվող հասկացությունները. Պետական գույք՝ սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, այդ թվում՝ պետական ընկերությունների բաժնետոմսեր, պետական մասնակցությամբ ընկերությունների եւ ոչ պետական ընկերությունների պետական բաժնետոմսեր, ինչպես նաեւ գույքի առանձին տարրեր:

Այսինքն, օրենքը շատ հստակ բացատրում է, որ բոլոր այս հնարքները, որ գործածում են, ընդամենը ԱԺ-ն շրջանցելու հանցավոր ձեւեր են, եւ «Որոտանի» սեփականաշնորհումը նման մի հանցավոր գորածարք է»,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, նույնը կատարվեց, երբ Սերժ Սարգսյանի ազգականը ստեղծեց «Ձորգետ- հիդրո» ձեռնարկությունը եւ գնեց պետական «Ձորահէկի» բոլոր ակտիվները: Զուրաբյանը նշեց, որ դրան հետեւեց աննախադեպ որոշում՝ էներգետիկայի մասին օրենքում հատուկ այդ ազգականի համար մտցվեց փոփոխոխություն, եւ գնման գինը բարձրացվեց 8 դրամից մինչեւ 21 դրամ:

«Ես կուզեմ խոսել մի ընդհանուր երեւույթի մասին էլ: Բերում են այս ծրագրերը եւ փորձում են համոզել, որ այդ գործընթացը թափանցիկ է: Սիրելիներս, այս ծրագիրը վաղուց դարձել է մի քողարկում՝ շատ ավելի խոշոր գործարքների համար, որոնք չեն ներգրավվում այս ծրագրում եւ կատարվում են ԱԺ-ն շրջանցելու միջոցով: Այնպես որ, այս հաշվետվությունները վաղուց թղթի կտոր են դարձել: Բնականաբար, մենք նման հաշվետվությանը չենք կարող հավանություն տալ, որովհետեւ սա հայ ժողովրդի մեծագույն եւ պարզագույն խաբեության ձեւ է:  Շատ կարեւոր է, որ մենք վերջապես հասկանանք, որ օրենքի ամենամեղմ, ամենափոքր, անմեղ թվացող խախտումներն ունենում են ծանրագույն հետեւանքներ: Եթե մենք վերլուծենք բոլոր այս գործարքների պատմությունը, կարող ենք վստահաբար ասել, որ օրենքի խախտումների հանդեպ այսպիսի հանդուրժողական մթնոլորտի, պահանջկոտության բացակայության, իրավական նիհիլիզմի հետեւանքները շատ պարզ են, եթե այսօր գազն ու էլէներգիան թանկանում են, թանկանում են այս պատաճռով, որովհետեւ օրենքը խախտվում է, որից օգտվում են այն մարդիկ, ովքեր մոտ են իշխանությանը:

Ձեզ եմ դիմում, որովհետեւ բոլորդ չեք, որ օգտվում եք դրանից, բայց մի քիչ հանդուրժողական եք, պիտի հասկանաք, որ ձեր հանդուրժողականության հետեւանքները այն են, որ այսօր իշխանությունները թալանում են ժողովրդին»,- նշեց Զուրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘«Էյր Արմենիա» ընկերության պարտքերը կապված են տեխնիկական խնդիրների հետ. Տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Ալիևի բեղերի վրա պետական քարոզչություն կառուցողները’