‘Զուրաբյան. Եթե Սերժ Սարգսյանը զանգի իր եղբոր համար, հրաժարվելո՞ւ եք (տեսանյութ)’

2442

Շահութահարկի մասին օրենքի քննարկումների շրջանակում այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այս նախագիծը վերլուծելու համար նորից է ցանկանում  հասկանալ նախագծի հիմքում ընկած տրամաբանությունը: Նա փոխնախարար Միրումյանին հիշեցրեց, որ վերջինս դեռեւս կառավարության նիստից հետո նշել էր, որ արդեն կան նախնական բանակցություններ այն մասին, որ ներդրումներ կատարվեն, մասնավորապես՝ շինանյութի արտադրման ոլորտում, եւ ոչ միայն: Դրանից, ըստ Զուրաբյանի, կարելի է եզրակացնել, որ արդեն բանակցություններ են վարվում ինչ-որ մարդկանց հետ, որոնք կոնկրետ պայմանավորել են իրենց ներդրումները այս պայմաններով:
«Դա նորմալ է, ցանկացած կառավարություն կարող է բանակցել, փորձել խոշոր ներդրողներ բերել Հայաստան: Այստեղ անհասկանալի է այլ բան: Եթե դուք ունեք կոնկրետ բանակցություններ, առաջարկություններ, ի՞նչն է խանգարում կառավարությանը այդ ներդրողների հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ նաեւ հարկային արտոնություններ տալով նրանց: Բերեք, մենք էլ կհաստատենք այդ արտոնությունները»,- նկատեց Զուրաբյանը:
Այդ դեպքում, ըստ նրա, ոչ մի կոռուպցիոն գործարք չէր լինի, եւ ամեն ինչ կլիներ թափանցիկ, իսկ կառավարությունը փորձում է մի բան, որ բխում է այդ բանակցություններից, եւ ԱԺ-ում դա ներկայացվում է որպես բոլորի համար դաշտը բացող կոնցեպցիա:
Զուրաբյանը, հարցին մոտենալով այլ կերպ՝ ենթադրեց, որ կառավարությունը ունի լավ նպատակներ, եւ նշեց, որ այն լուծումը, որ առաջարկվում է՝ ունի կոնկրետ հետեւանքներ: Եթե կառավարության լուծումները ոչ թե կոնկրետ ներդրողների համար են, այլ ընդհանրական, ապա հետեւանքները նույնպես լինելու են ընդհանրական:
«Գլխավոր ընդհանրական հետեւանքը կլինի այն, որ այս օրենքի ընդունումից հետո, արտահանողները կբաժանվեն երկու կատեգորիայի: Մեկը՝  կառավարության հավանությունը ստացած արտահանողներն են, մյուսը՝ հասարակ մահկանացու արտահանողներն են: Մի կատեգորիան աշխատելու է 2 տոկոս դրույքաչափով, մյուսը ՝ 20 տոկոսի»,- ասաց նա: Որպես առաջին հետեւանք՝ Զուրաբյանը նշում է այն, որ օրենքը վնասելու է փոքր եւ միջին ձեռնարկատերերին:
«Նորից դուք, որերորդ անգամ, անում եք մի քայլ, որը նորից բերում է արտոնություններ խոշորների համար եւ խփում է ՓՄՁ-երի շահերին: Ի՞նչ է, նպատակ եք դրել ջախջախե՞լ ՓՄՁ-երին»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նշեց, որ երբ իրենք նախազգուշացնում են, որ այս ամենի պատճառով կարող են ստեղծվել մի քանի խոշոր խմբեր, եւ մնացած արտահանողները ստիպված կլինեն մտնել այդ տանիքի տակ՝ զրկվելով իրենց անկախությունից, քանի որ կցանկանան աշխատել 2 տոկոսի դրույքաչափով, կառավարությունը հայտարարում է, որ հենց այդ պատճառով են որոշել, որ ընկերությունները պետք է արժանանան կառավարության հավանությանը:
«Եվ սա ձեր ասած կանխարգելիչ երաշխի՞քն է, որ ներդրել եք օրենքի մեջ: Ո՞նց եք կանխարգելելու, եթե Սերժ Սարգսյանը զանգի իր եղբոր համար եւ ձեզ ասի, որ «այսպես» է լինելու: Ընդամենը ասի, որ այսինչ ընկերությունը պետք է արժանա կառավարության հավանությանը: Հրաժարվելո՞ւ եք»,- հարցրեց նա:
Կառավարության այն թեզը, որ իրենք չեն կարող բոլորի համար դրույքաչափը իջեցնել 20 տոկոսից՝  2-ի, Զուրաբյանի համոզմամբ՝ անընդունելի է:
Զուրաբյանի հաշվարկներով՝ այն սեկտորը, որի համար նախատեսվում է այդ օրենքը, կազմում է 500 միլիոն դոլարի ծավալ: Եթե այդ ծավալը հաշվարկենք շահույթի 20 տոկոսով , իսկ հետո այդ շահույթից վերցնենք շահութահարկը՝  նորից 20 տոկոսով, կստանանք 20 միլիոն դոլար շահութահարկ՝ 10 մլդ դրամ: «Իսկ դուք ասում եք՝ 60 մլդ դրամ: Միգուցե դուք նկատի ունեք՝ 60 մլրդ-ում արտահանողները շահո՞ւյթ ունեն: Եթե այդպես է, ապա այդ ոլորտում կարող ենք 20 տոկոսից իջեցնել երկու տոկոս, եւ բոլորի համար կստեղծվի արտահանման հավասար դաշտը, եւ մենք կխթանենք արտահանումը եւ ներդրումները, ճիշտ է՝ զոհաբերելով բյուջեից 10 մլրդ դրամ»,- ասաց նա:
«Մենք առաջարկում ենք օրենքից հանել 1, 2, 3 կետերը, եւ կտեսնեք, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կանենք մեկ այլ առաջարկ, որը կներկայացնենք գրավոր տեսքով: Իսկ այս հակաշուկայական օրենքը ուղղակի չի կարելի ընդունել»,- ամփոփեց Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Ո՞վ է իրականում «սեպ խրողը»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն’