‘Զուրաբյան. Խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելը այս իշխանության գլխավոր բնութագիրն է’

1026

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով երեկվա ակցիաների արդյունքում ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից զատ, նրանց մեջ կային նաև լրագրողներ, անչափահասներ կամ պարզապես փողոցներից,կանգառներից պատահական մարդիկ: «Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են եղել փաստաբանական օգնության հնարավորությունից, շատերն ամբողջ օրվա ընթացքում պահվել են ոստիկանական բաժանմունքներում առանց իրավական հիմքի՝ օրենքի լկտի խախտումներով: Այս գործողությունները չեն տեղավորվում ՌԴ նախագահի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, քանի որ եղել են և ապօրինի, և այցի բնականոն ընթացքի ապահովմանը անհամաչափ»,- նշեց նա: Նրա խոսքով, ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ խախտել են քաղաքացիների՝ հավաքների ազատության սահմանադրական իրավունքը, հասարակական կարգը ու ցույց են տվել իշխանությունների արհամարհանքը հիմնարար ժողովրդավարական ազատությունների նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ ընդամենը երկու ամիս առաջ Կոնգրեսը ԱԺ ամբիոնից դատապարտեց իշխանության ավազակախմբերի ստոր հարձակումներն ակտիվիստների վրա: «Մենք տեսնում ենք, որ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելը այս իշխանության գլխավոր բնութագիրն է: Մարտիմեկյան արյունահեղությամբ իշխանության եկած վարչախմբից այլ պահվածք ակնկալել հնարավոր չէ, բայց հասկացեք վերջապես, որ ժողովրդավարական սահմանադրություն ունեցող երկրում ժողովրդի նկատմամբ բռնությամբ որևէ հարց չի լուծվում: Սրա լավագույն օրինակն այն է, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում»,-հայտարարեց նա:

Նա նաեւ նշեց, որ դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին Կոնգրեսը Ազտության հրապարակից սկսելու է Մարդու իրավունքների ավանդական երթը: «Այս նախաձեռնությանը միացել է նաև ՀԺԿ-ն: Մենք կոչ ենք անում Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակով մտահոգ բոլոր քաղաքացիներին մասնակցել այդ երթին, ինչը թույլ կտա մեզ բոլորիս ավելի արդյունավետ պայքար տանել քաղաքացիների իրավունքների համար»,- հայտարարեց նա:  

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի դոնորների մեծ համաժողով է նախատեսվում ‘
Հաջորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյանը ՀայՌուսԳազԱրդ-ում ՀՀ-ի 20% բաժնեմասի վաճառքի մասին. գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու’