‘Զուրաբյան. Կառավարությունը պետական միջոցների հաշվին օգնում է Բաղդասարովին (տեսանյութ)’

1433

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց կառավարությանը.

«Անցյալ նստաշրջանում ՀԱԿ-ն իր հարցապնդման մեջ հարց էր բարձրացրել «Արմավիայի» կողմից կուտակված 24 մլրդ պարտքի մասին: Նրա մի մասը՝ 5.3 մլրդ դրամը, կազմում է «օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի տուրքի» պարտքը, այսինքն՝ «օդի հարկը», որը, չգիտես ինչու, փոխանակ անմիջապես գնար պետական բյուջե, օգտագործվել է ավիաընկերության կողմից: Թե՛ այդ ուղիղ գողության եւ թե՛ այլ հարկային պարտավորությունների չկատարման առթիվ կառավարությունը քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ հանդես չի եկել՝ փաստորեն պարտակելով կատարված հանցագործությունը:

Դրանից հետո կառավարություն է փոխվել, եւ թվում էր, թե նոր կառավարությունը հնարավորություն ունի ոչ՛ միայն վերհանել այս ամբողջ գործը եւ պատժել պարտակողներին, այլև վերջապես համալրել պետական բյուջեն օրինազանց «Արմավիա ավիաընկերության» եւ «Միկա քորփորեյշն»-ի հաշվին: Սակայն կառավարությունը ոչ միայն շարունակում է հանցագործության պարտակման գործը, այլ նաեւ շատ ճարպկորեն օգնում է Միկա Բաղդասարովին՝ պետության հաշվին թեթեւացնելու կուտակված պարտավորությունների բեռը, միեւնույն ժամանակ՝ օգնելով «կախարդական փայտիկ» չունեցող վարչապետին՝ խոսել բյուջեն լցնելու խոստումների կատարման մասին: Ներկայացնեմ այս հնարամիտ սխեման, որին, վստահ եմ, կնախանձեր անգամ լեգենդար Օստապ Բենդերը:

Եւ այսպես՝ կառավարությունը, տրամադրության տակ ունենալով «Միկա քորփորեյշն» ընկերությունից դատական կարգով բռնագանձված սպորտային օբյեկտը, օգոստոսի 28-ի նիստում ընդունել է մի որոշում, ըստ որի՝ այն ճանաչվում է էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չգտած գույք, այնուհետեւ գնահատում է այն  աստղաբաշխական 9 մլրդ 45 մլն դրամի, այն է՝ 22 մլն ԱՄՆ դոլարի չափով, եւ նույն որոշմամբ ֆինանսների նախարարության միջոցով ինքն իրենից առնում է այդ օբյեկտը՝ մուտքագրելով գումարը որպես պետական բյուջեի եկամուտ, որը ստացվել է «Արմավիա ընկերության», «Միկա քորփորեյշնի» պարտավորությունների՝ այդ չափով մարման արդունքում:

Սիրելի կառավարություն, խնդրում եմ պատասխանել իմ հետեւյալ հարցերին՝  

1.Ինչի՞ հիման վրա է վերոնշյալ գույքը գնահատվել նման հսկայական գումարով, եթե շուկայում այդ գնով գնորդ չի գտնվել:

2. Ի՞նչն էր խանգարում բյուջեում մուտք արձանագրել միայն այն բանից հետո, երբ դուք կկարողանայիք վաճառել այդ օբյեկտը: Եթե ապագայում պարզվի, օրինակ, որ այդ գույքը կարողանում եք վաճառել, ասենք, ընդամենը 2 մլրդ դրամով, չի՞ ստացվի արդյոք, որ դուք օբյեկտի գնման նպատակով օգտագործել եք 7 մլրդ դրամ ավելի, քան նրա իրական գինն էր, այսինքն՝

ա. դուք վատնել եք ուղիղ այդ չափով պետական միջոցներ,

բ. դուք ուղիղ այդ չափով ներդրում եք կատարել Միկա Բաղդասարովի օգնության ֆոնդին»:

Ի պատասխան` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մի երկար տրակտատ կարդաց նախապատմության մասին՝ նշելով, թե օդային փոխադրողն ունի առանձնահատկություն, եւ եթե հարկային մարմնի գործողություններն օրենքի դաշտում նայենք, պետք է արգելանք դրվեին այն ժամանակ, երբ հարկային պարտավորություններ էին առաջանում տվյալ տնտեսվարողի մոտ, ինչպես սովորաբար վարվում են, բայց օդային փոխադրողի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում եթե արգելադրում կատարեին, դա նշանակում է, որ ՀՀ-ից չէին կարող օդային փոխադրումներ կատարվել: Հետո ասաց, թե իրենք համբերատար կերպով, ինչպես վարվում են շատ այլ ձեռնարկությունների հետ՝ ժամանակացույց են տրամադրում, նպաստում են, որ իրենց մոտ ֆինանսական հոսքերը ավելանան, եւ կարողանան վճարումներ կատարել: «Բայց էն ժամանակ, երբ որ հասկացանք, որ արդեն անհնար է, մենք դիմեցինք դատարան հայցով, որպեսզի բռնագանձենք հարկային այն վճարները, որ մենք կատարել ենք: …Բռնագանձման հայցով դիմեցինք, դատարանը բավարարեց, ԴԱՀԿ միջոցով դրվեց աճուրդի, համապատասխան անկախ փորձագետների միջոցով գնահատվեց, եւ երբ աճուրդում համապատասխան մասնակցություն չեղավ, բնականաբար՝ կառավարությունը դիմեց, որպեսզի այն մենք վերցնենք մեր բալանսին, եւ այդ համալիրը պարտքի դիմաց՝ գումարած ԱԱ հարկը, հանձվել է ֆիննախարարությանը»,- հայտարարեց Խաչատրյանը:

Զուրաբյանը ստիպված նորից կրկնեց հարցը, որը Խաչատրյանը կարծես համառորեն ցանկանում էր շրջանցել. «Ախր խոսքը հենց այն մասին է, թե ո՞նց է գնահատվել այդ օբյեկտը: Շուկան գնահատել է՝ այդ գումարը չի տրվել, հետո ինչ-որ փորձագետներ գնահատել են: Ասենք՝ կարող էին 1 տրիլիոն գնահատել, հետո անեիք այդ օպերացիան, հետո փակեիք բոլոր պարտավորությունները բյուջեի նկատմամբ: Սա վերածվում է աբսուրդի, մինչդեռ իրական մենեջմենթը պահանջում է, որ երբ  կարողանայիք՝ վաճառեիք, այդ գումարը մուտքագրեիք բյուջե: Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ երեւակայական գումար եք տալիս պահուստային ֆոնդից, հետո դա գնում է բյուջե, հետո դա հաշվառվում է որպես պարտքերի մարում: Ստացվում է՝ դուք Միկայի տեղը ժողովրդի հաշվին վճարել եք մեծ գումար, թեթեւացրել եք նրա հարկային պարտավորությունների բեռը: Էդ ո՞նց եք անելու»:  

 Խաչատրյանն է՛լ ավելի աբսուրդային պատասխան տվեց. նա հայտարարեց, թե, ուշադրություն, գնահատումը անկախ փորձագետներ են արել, եւ դրա մեջ խորանալ՝ քի՞չ են գնահատել, թե՞ շատ՝ ժամանակի խնդիր է: Այսինքն՝ նորից շրջանցեց բուն հարցը: Հետո էլ ասաց, թե «եթե գույքը  վաճառվել է, բնականաբար՝ ԱԱ հարկ է վճարվել, իսկ ԱԱ հարկի հետ կապված սխեմաները օրենքի դաշտում են: Իսկ հետագայում վաճառելու հարցը ժամանակի հարց է, իսկ այդպիսի նպատակ չունենք»: «Բոլոր դեպքերում, այս պարագայում մենք միայն հնարավորություն ունեինք, որպեսզի գույքով փակվենք: Դե հիմա, ի՞նչ ասեմ՝ գնահատվել ա էդքան, հիմա ենթադրությունները, վարիանտները շատ են, ասում եմ՝ ինչ փաստացի կա»,- հայտարարեց Խաչատրյանը:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ՌԴ դեսպանության պարզաբանումները երկքաղաքացիության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Gmail-ի հինգ միլիոն գաղտնաբառեր հայտնվել են համացանցում’