‘Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում’

1952

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է պատվիրակություն ուղարկել Արցախ` հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեպքի վերաբերյալ տեղի իշխանությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ հայտնել է նրան, որ  Կոնգրեսը տրամաբանություն չի տեսնում Ստեփանակերտ մեկնելու նախաձեռնության մեջ:

«Կատարվածի համար պատասխանատվություն են կրում ԼՂՀ իշխանությունները, թեեւ գիտենք, թե իրականում որտեղից են հովերը փչում: Այնուհանդերձ, քանի որ ֆորմալ առումով կատարվածի պատասխանատուն ԼՂՀ իշխանություններն են, մենք որեւէ տրամաբանություն չենք տեսնում նրա մեջ, որ ՀՀ պատգամավորները մեկնեն Ստեփանակերտ` խնդիրը քննարկելու եւ հարթելու նպատակով: Հակառակը, ճիշտ կլիներ, որ ԼՂՀ պատգամավորները գային Երեւան, հանդիպեին մեզ հետ, բացատրություններ տային իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, ինչու ոչ` ներողություն խնդրեին կատարվածի համար եւ խոստանային, որ միջոցներ կձեռնարկվեն նման գազանության պատասխանատուներին պատժելու համար», — ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կատարվածը լուրջ լարվածություն է ստեղծել հանրության ներսում, եւ Ստեփանակերտի իշխանությունները եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորները պետք է լուրջ քայլեր կատարեն այդ լարվածությունը եւ տհաճ տրամադրությունները մեղմելու համար:

Միեւնույն ժամանակ, Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ Կոնգրեսի այս դիրքորոշումը կապված չէ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունն արդարացնելու հետ:

«Որեւէ կերպ չեմ ցանկանում արդարացնել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների մտահղացումը, որը, եթե մեղմ արտահայտվեմ, անընդունելի է: Բայց դա իրավունք չի տալիս որեւէ մեկին նման բարբարոսական գործողություններ կատարել», — ասաց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘S&P-ն հաստատել է Ադրբեջանի վարկանիշը «բացասական» մակարդակում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է’