‘Զուրաբյան. Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով’

1631

Ազգային ժողովի հինգերորդ գումարման նստաշրջանում ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով անդրադարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի՝ մենաշնորհներին վերաբերող տվյալներին:

Լեւոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ.

 

 

Կապիտալիզմը առանց մրցակցության շատ ավելի վատ է քան կոմունիզմը, կամ, եթե օգտագործենք սովետական եզրույթը, սոցիալիզմը: Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվել մասնավորի, բայց միեւնույն ժամանակ ոչնչացվել է մրցակցությունը եւ բոլոր տնտեսվարող սուբյեկտների հավասարությունը ապահավող օրենքի գերակայությունը, հետեւանքները աղետալի են լինում: Ազգային հարստությունը նման դեպքերում կենտրոնանում է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք յուրացնում են պետական իշխանությունը եւ օգտագործում այն ապօրինի արտոնությունների հաստատման, մրցակցության ոչնչացման եւ գերշահույթներ ստանալու միջոցով ժողովրդի հարստահարման համար: Նման երկրներում մի քանի մակաբույծ օլիգարխներ մենաշնորհում են լայն սպառման ապրանքների շուկաները, դուրս են մղում երկրից ամբողջ գործարար նախաձեռնող խավը, հլու-հնազանդ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջոցով արհեստականորեն արժեւորում են ազգային տարադրամը եւ նույնքան արհեստականորեն բարձրացնում են լայն սպառման ապրանքների գները, ապահովելով փոքր մի խմբակի համար գերշահույթներ, բայց նաեւ տնտեսական դեգրադացիա ամբողջ երկրի համար եւ զանգվածային փախուստ-արտագաղթ: 

Հայաստանը հիվանդ է հենց այդ մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով:

 

Ըստ Համաշխարհային Բանկի «Հայաստանի հանրապետություն. Կուտակում, մրցակցություն եւ կապ» զեկույցի, մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը (ինչը զեկույցի հեղինակները համարում են ամենաբարձր ցուցանիշը նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում, իսկ օլիգոպոլիաների հետ միասին (երբ գերիշխում են 2-3 խաղացողներ)՝ զեկույցի հեղինակների համաձայն մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության գրեթե 2/3-րդը: Ըստ զեկույցի, մենաշնորհների պատճառով պարենային գները Հայաստանում միջինը 17 տոկոս բարձր են քան ԱՊՀ-ում, օրինակ հացի գները տարբերվում են 36, կարագինը 23, ձվինը 25 տոկոսով:

 

Հայաստանի ախտորոշումը հենց սա է: Հայաստանը մեռնում է մակաբույծ-մենաշնորհային քաղցկեղից: Այն, ինչ առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նույն է, որ բժիշկը քաղցկեղի բուժման համար առաջարկեր պարացետամոլ:

 

Նախ, հանձնաժողովը փորձում է բոլորիս խաբել Հայաստանի տնտեսության մրցակցայնության ախտորոշման հարցում: Ի տարբերություն Համաշխարհային բանկի զեկույցի այն փորձում է բավականին վարդագույն պատկեր ներկայացնել մենաշնորհների եւ երկ-սուբյեկտանոց օլիգոպոլիաների ազդեցության մասին, մենաշնորհների բաժնեմասը շուկայում գնահատելով 20 տոկոսի փոխարեն 8.3 տոկոս, իսկ մենաշնորհների եւ օլիգոպոլիաների բաժնեմասը շուկաներում 2/3-րդի փոխարեն ներկայացնելով ընդամենը 25 տոկոս: հանձնաժողովի ներկայաված մեթոդոլոգիան կարող է ընդհանրապես որեւէ ներգործություն ունենալ միայն կատարյալ պրոֆանների վրա: Ոչ միայն տարեցտարի էականորեն փոխվում է ուսումնասիրվող շուկաների քանակը /56-ից 2010 թվականին դեպի 22-ը 2012-ին եւ 12-ը 2013 թվականին/, այլ նաեւ որեւե բացատրություն չի տրվում, թե ինչպիսի մեթոդոլոգիայով են ընտրվել ուսումնասիրման համար շուկաները, եւ արդյո՞ք այդ ընտրությունը չի կատարվել ի վնաս ամենամենաշնորհային` լայն սպառման այնպիսի ապրանքների շուկաների, ինչպիսիք են, օրինակ, շաքարի, հացահատիկի ալյուրի եւ վառելիքի շուկաները: Նման պարագայում ծրագրի հեղինակների փորձերը համեմատության մեջ դնել ի սկզբանե անհամադրելի մեծությունները, մասնավորապես շուկաների կենտրոնացվածության ժամանակային դինամիկայի առումով, այլ կերպ քան շարլատանություն անվանել հանարավոր չէ:

 

Հանձնաժողովի կողմից աճպարարության մեկ այլ օրինակ է, երբ մեզ փորձում են համոզել, թե մրցակցության ցուցանիշներով մենք առաջ ենք անցել Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Ռումինիայից: Իրականում, սակայն, դա վերաբերում մրցակցության ինդեքսներից մեկին միայն: Տարբեր երկրների տնտեսության մրցակցության համեմատության հիմնական չափանիշ, սակայն, Համաշխարհային տնտեսական ֆորումը համարում է այսպես կոչված Համաշխարհային մրցունակության ցուցանիշը, համաձայն որի Հայաստանը գտնվում է 79-րդ տեղում, սակայն բոլոր վերոհիշյալ երկրները նրանից առաջ են` Ադրբեջանը 39-րդ /սա, ի դեպ մեր ազգային անվտանգության տեսակետից ամենացավալի հանգամանքն է/, Ռուսաստանը` 68-րդ, Վրաստանը` 72-րդ, իսկ Ռումինիան`76-րդ տեղերում, իսկ մեզանից առաջ են այսօր նաեւ աֆրիկյան Բոթսվանան եւ վերջերս ցեղասպանություն տեսած Ռուանդան:

Նման շարլատանության ֆոնի վրա զարմանալի չէ, որ Հանձնաժողովի կողմից մրցակցության կանոնները խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառվող եւ առաջարկվող միջոցառումների եւ պատիժների զինանոցը ուղղակի խղճահարություն է առաջացնում: Հատկապես ծիծաղելի են Ծրագրի մեջ տեղ գտած այսպիսի դրվագները. «Առանց իրավատիրոջ համաձայնության ապրանքային նշանների

օգտագործման, ինչպես նաև արտադրության և իրացման ընթացքում գրանցված

ապրանքային նշաններին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային

նշանների օգտագործման համար ընկերություններին տրվել է (ո՜վ սարսափ – Լ. Զ.) զգուշացում»:

Հայաստանի տնտեսությունը խժռող գիշատիչ շնաձկներին թողած ընկել եք տնտեսական փոքրիկ ձկնիկների, եթե չասեմ պլանկտոնի հետեւից: Դուք ի՞նչ է չգիտե՞ք, ո՞վ է այսօր մենաշնորհել շաքարի, հացահատիկի, դեղերի շուկան եւ թունավորում մեր ժողովրդին` կեղծելով համաշխարհային բրենդները: Այդ ինչն է ստիպել ձեզ ձեր զեկույցներից հանել «Ալեքս Գրիգ» ընկերության մասին որեւէ հիշատակում: Դուք չե՞ք հասկանում, որ մինչեւ չջախջախվի Հայաստանի համար ամենախայտառակ այդ մենաշնորհը, ոչ ոք երբեք չի համոզվի, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարելի է անկաշկանդ ներդրումներ անել հավատալով մրցակցության հավասարությանը եւ օրենքներով պաշտպանվածությանը:     

 

2012 թվականի աշնանային նստաշրջանի ժամանակ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը ներկայացրել էր Հայաստանում մենաշնորհների հետ կապված հարցապնդում, որտեղ հստակ նշել էր այն բնագավառները, որտեղ տնտեսությունը խեղդող ապօրինի մենաշնորհներ են հաստատվել: Քաղցկեղը բուժվում է քիմոթերապիայով եւ վիրահատությամբ: 2012 թվականին մենք առաջարկեցինք քիմոթերապիա: Մենք Ազգային Ժողովին ներկայացրեցինք որոշման նախագիծ, ըստ որի խորհրդարանը առաջարկում էր ՀՀ կառավարությանը՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր: Ծրագրում մենք առաջարկել էինք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը մասնավորապես ներառում էր  տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը սահմանփակումը շուկայի 33.33% տոկոսով: Մենք նաեւ առաջարկեցինք, որ պետք է վերացնել 300 մլն դրամի տուգանքի շեմը եւ պետական բյուջե պետք է մուտքագրել ոչ թե մենաշնորհային հասույթի 2 տոկոսը, այլ 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։

Մեր առաջարկը ստացավ 4 ընդդիմադիր խմբակցությունների եւ անկախ պատգամավորների, ինչպես նաեւ երկու հանրապետականների աջակցությունը, բայց իշխող կոալիցիան նորից մերժեց հանրային մեծ կոնսենսուսի արժանացած առաջարկը: Այն ժամանակ դուք խոստացաք, որ կառավարությունը ինքը կբերի հակամենաշնորհայի փաթեթ: Դուք խաբեցիք: Նույպես ինչպես խաբեցիք մարտի մեկյան հանձնաժողովի ստեղծման հարցում դրժելով հրապարակայնորեն տրված երաշխիքները: Հիմա դուք խոսում եք համագործակցության մասի՞ն: Բոլոր կարեւոր հարցերում դուք դուրս եք գալիս հանրության դեմ: Եվ մի զարմացեք, երբ մի օր պարզվի, որ Հայաստանի ապաքինման միակ միջոցը վիրահատությունն է:

 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդ դաշնակցականները համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Հարցերի լուծումը պետք է տեսնել իշխանության փոփոխության մեջ’