‘Զուրաբյան. Հավատի դագաղի վրա խփած վերջին մեխը ձեր կողմից բերված այս օրինագիծն է. Տեսանյութ ‘

1840

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը պարտադիր կենսաթոշակների մասին՝ կառավարության կողմից արտահերթ կարգով ԱԺ բերված նոր օրինագծի քննարկման ժամանակ:

«Ճիշտն ասած, վաղուց չէի տեսել, որ Հանրապետական մեծամասնությունը լիներ նյարդերը տեղի տված, վիրավորված եւ անկումային տրամադրության մեջ, եւ սա մի քիչ զարմանալի է, թեեւ կարծում եմ՝ այն իր բացատրությունն ունի: Բացատրությունն այն է, որ առաջ դուք  կեղծում էիք ընտրությունները, գողանում էիք, թալանում էիք մեր ժողովրդին, վատնում պետական միջոցները, բայց թթու խոսք չէիք լսում: Հիմա մենք ձեզ այդ հաճույքից զրկել ենք, եւ դա ձեզ այդ վիճակի մեջ է գցել:

Քառյակի վրա հարձակումները եւ բոլոր այդ տվայտանքները, որ արտահայտվում են այս օրերի ընթացքում, մեզ միայն զվարճացնում եւ ուրախացնում են, թեկուզ եւ այն պատճառով միայն, որ ցույց են տալիս, որ դուք գտնվում եք բավականին հեռու իրականության ճիշտ ընկալումից, որովհետեւ չեք հասկանում, որ երբ հարձակվում եք ընդդիմության վրա, միայն ուժեղացնում եք նրան եւ նպաստում եք ընդդիմության հանդեպ ժողովրդի վստահության աճին:  

Դրան կարելի էր չանդրադառնալ, ուղղակի մի անձնական հարձակում եղավ, որին չեմ կարող չանդրադառնալ, եւ սա իսկապես մի քիչ լավ արարք չէր: Այն, ինչ կատարվեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Դուք ինչո՞ւ եք նեղացել նրանից. որ ինքը մի փոքր հավատի հատիկ ուներ՝ ձեր իմաստության ու պարկեշտության նկատմա՞մբ, եւ էդ վերջին հատիկը կարողացաք ոչնչացնե՞լ Արծվիկ Մինասյանի մոտ: Դրա համար իրե՞ն է պետք մեղադրել: Եթե ինչ-որ բանի համար կարող ենք նրան մեղադրել, ապա միայն իր միամտության համար, որ այսքան ժամանակ էդ հավատի հատիկը ձեր նկատմամբ պահպանել է:  

Ընդհանրապես, կուտակային ռեֆորմի անցկացումը Հայաստանում հավատը կոտրելու մի ուսանելի օրինակ է՝ նկատի ունենալով այն, որ մի պրոցես գնաց, որտեղ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունեց, որ 80 տոկոսը դեմ է այս ռեֆորմներին: Դրանից հետո ՍԴ-ն որոշում ընդունեց, որով, ըստ էության, հակասահմանադրական ճանաչեց որոշ դրույթներ, հետո Տիգրան Սարգսյանը որպես կառավարություն թռավ, Հովիկ Աբրահամյանը եկավ, հայտարարեց, որ պարտադիրը դե ֆակտո հանված է, հետո միջանկյալ ինչ-որ օրինագիծ բերեցիք, որով իբր թույլ տվեցիք, որ նրանք, ովքեր ցանկանում են դուրս գալ այս պարտադիր բաղադրիչի իրավիճակից, կարող են դուրս գալ, իսկ հետո պարզվեց այն, ինչի մասին մենք միշտ խոսում էինք՝ որ կառավարությունը զբաղված է ընդամենը ժողովրդին խաբելով, ընդդիմությանը խաբելով, եւ այդ հավատի դագաղի վրա խփած վերջին մեխը ձեր կողմից բերված այս օրինագիծն է, որն, ըստ էության, հագեցած է հետեւյալ երեք կարեւոր թերություններով, արատներով:

1. Պարտադիր բաղադրիչի դեպքում ընդամենը փոխվել է անունը, եւ դարձել է նպատակային սոցվճար: Հիմա ինձ, քաղաքացու տեսակետից՝ հետաքրքրում է՝ ի՞նչ տարբերություն կա՝ իր գրպանից այդ գումարը հանում են սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական եղանակով: Եթե կասկածողներ կան, հիշեցնեմ, որ ժողովուրդն ընդվզել է այն պատճառով, որ մտնում են իր գրպանը: Հակասահմանադրական դրույթների հարցը ծագեց հետագայում եւ ընդամենը օժանդակ միջոց էր պարտադիր բաղադրիչից ազատվելու այդ պայքարում: Իսկ հիմա ստացվում է, որ դուք ընդամենը հորինեցիք քաղաքացիների գրպանը մտնելու սահմանադրական տարբերակ: Այն կարծես նմանվում է գրպանահատի գործողությունների օրինականացման:

2. Արդեն խոսվեց, որ խտրական, բաժանարար գծերն եք ավելացրել՝ տարիքային, պետական ու մասնավոր եւ այլն:

Հիմա կխոսեմ ավելի կարեւոր մի խտրականության մասին: Պարզվում է, որ պետական սեկտորից միակ արտոնյալ խավը, որ կարող է հրաժարվել այս պարտադիր բաղադրիչից, հետեւյալ պաշտոնյաներն են՝ ՀՀ ՊՆ, ոստիկանության, անվտանգության ծառայությունների, հանրապետական գործադիր մարմինների եւ փրկարար ծառայության հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարակադիր կատարողների այդ խավը: Էս ի՞նչ խտրականություն էր, այսինքն՝ կան արտոնյալ պետական պաշտոնյաներ, որոնք կարող են դիմում գրել եւ ազատվել այս պարտադիր սոցվճարից: Սա մատնում է այն, թե իրականում ումից է այս ռեժիմը վախենում. նա վախենում է իր սեփական ուժային կառույցներից, որովհետեւ նրա միակ հենարանն այդ ուժային կառույցներն են:

3. Սա ընդհանուր խաբեության մի սխեմա է: Իրականում, եւ «Դեմ եմ» շարժումը միշտ տեղեկացնում է մեզ այդ ճնշումների մասին, ամբողջ կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ մասնավոր զանգվածներն  էլ, որ իբր թե երեք տարի ազատված են լինելու այդ պատադիրից, ընդգրկվեն պարտադիրի սխեմայի մեջ: Եւ մենք վստահ եք, որ ոչ թե 2017-ին է լինելու, այլ երկրում ստեղծվում է մի վիճակ, ճնշումների մի համակարգ, որ մասնավոր սեկտորի 70-80 տոկոսը հիմա է արդեն բերելու այս սխեմայի մեջ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ հակառակ էս համաժողվորդական դիմադրության, բյուջետային միջոցների սղության, աղքատության, ինչո՞ւ այս բոլոր գործոններին հակառակ, ինչ-որ անհասկանալի համառությամբ, այս իշխանությունը գնում է պարտադիր բաղադրիչի իրականացմանը: Պատասխանը կարելի է գտնել մի փոքր օրինագծի մեջ, որը բերեցին, հիմա այն ուժը կորցրել է, բայց այնտեղ մի տարօրինակ դրույթ կար: Եթե հիշում եք՝ անգամ նրանց համար, ովքեր հրաժարվում էին պարտադիրից, պետական միջոցներից նրանց հաշվին ուղարկվում էին գումարներ: Ինչո՞ւ: Բացատրությունը պարզ է, որովհետեւ Սերժ Սարգսյանը պարտավորությունի ունի միջազգային այդ կուտակային հիմնադրամների, կազմակերպությունների նկատմամբ, որ ինքը պետք է ապահովի ՀՀ քաղաքացիների գրպանից եւ բյուջեից մի ամբողջ մեծածավալ կապիտալի հոսք դեպի այդ ինստիտուտները: Ես չեմ ընդունում այն բացատրությունը, թե իբր այս փողերը պետք են տնտեսության ակտիվացման համար, որովհետեւ 40 տոկոսն արդեն միանգամից արտասահման է գնում: Իսկ մնացած 60 տոկոսի վերաբերյալ կուզենայի անել հետեւյալ դատողությունները:

Օրենքով սահմանված է, որ պարտադիր կուտակային համակարգի միջոցների առնվազն 60%-ը պետք է մնա Հայաստանում (առաջիկա ժամանակահատվածի կտրվածքով՝ մոտ 28 մլրդ. դրամ): Որտե՞ղ են այդ գումարները ներդրվելու: Բաժնետոմսերի շուկայո՞ւմ: Բայց բաժնետոմսերի շուկա, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի (Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը ներկայումս ընդամենը մոտ 7 մլրդ դրամ է): «Բաժնետոմսերի շուկան Հայաստանում դեռեւս չի գործում»,-  ասված է Համաշխարհային բանկի վերջին զեկույցներից մեկում: «Շուկայական մեխանիզմների թերզարգացածության, ինչպես նաեւ «երկար փողեր» կառավարող ինստիտուցիոնալ ներդրողների եւ ընկերությունների գործունեության թափանցիկության բացակայության հետեւանքով ցածր է իրացվելիության մակարդակը»- ասված է այդ զեկույցում: Նշվում է, որ անհրաժեշտ է լրջագույն ենթակառուցվածքներ ստեղծել եւ դա անել անհապաղ, հակառակ դեպքում կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը իմաստ չի ունենա:

Այսպիսով, Հիմնադրամների միջոցները Հայաստանում կարող են ներդրվել միայն պետական պարտատոմսերում: Այդ դեպքում էլ կասկածի տակ կդրվեն կենսաթոշակային բարեփոխումներից ակնկալվող օգուտները, որովհետեւ հնարավոր չի լինի հեռացնել կենսաթոշակային պարտավորությունները պետական բյուջեից: Միեւնույն ժամանակ, օրենքով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել մեկ էմիտենտի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի ավելի քան 10%-ում, ինչը նշանակում է, որ կառավարության պարտատոմսերում կարելի է ներդնել ընդամենը 4,5 մլրդ դրամ։ Նույնքան գումար էլ կարելի է ուղղել Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերին: Ստացվում է, որ նույնիսկ երկու այս պետական ինստիտուտների արժեթղթերում ներդրումներ կատարելուց հետո,ֆոնդերի կառավարիչները խնդիր են ունենալու շուրջ 28 մլրդ. դրամ ընդհանուր գումարից 11 մլրդ դրամի տեղաբաշխման հետ, ինչը Հայաստանում մնացող գումարի մոտ 40%-է: Եթե նկատի ունենանք, որ ինչ-որ պահից սկսած՝ տարեկան կենսաթոշակների գումարը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կհասնի միլիարդավոր դոլարների (2014-ին՝ 113 մլն. դոլար, 2015-ին՝ 265 մլն. դոլար, 2020-ին՝ 1 մլրդ. 800 մլն. դոլար), պարզ է դառնում, որ Հայաստանում դրանք ներդնելու մասին խոսակցությունները նմանվում են բլեֆի:

Եւ այսպես, եթե երկար եւ էժան փողերը տնտեսության արյունն են, ապա այդ արյունը հոսելու է լրիվ այլ ուղղությամբ եւ սնելու է այլ երկրների տնտեսությունները: Եւ, սիրելի ժողովուրդ, այդ օրենքի ընդունումով եւս մեկ անգամ հաստատում ենք, որ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի՝ ունենք մի վամպիրի, որից ազատվելը մեր ազգի գոյատեւման հիմնական հրամայականն է»:  

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությունների ձախողակները’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները քաղաքական են ‘