‘ Զուրաբյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակը Ս.Սարգսյանի ցմահ իշխանության ապահովումն է’

1207

Սահմանադրական բարեփոխումների նպատակը Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության ապահովումն է: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Սարգսյանը շարունակում է իր կառավարման երկրորդ ժամկետը և աստիճանաբար կորցնում է ազդեցությունը, ինչով և բացատրվում է  սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նրա վերջերս կայացրած որոշումը: Այդ բարեփոխումների նպատակն անցումն է կառավարման խորհրդարանական համակարգին:

«Սարգսյանի թիմին սկսում է ավելի հաճախ հուզել այն հարցը, թե ով է լինելու հաջորդը: Կառավարող կուսակցության ներսում առկա հակասություններն օրեցօր ավելանում են: Ամերիկյան քաղաքագիտությունում այդ իրավիճակն անվանում են «կաղ բադի սինդրոմ»: Այն խորանում է Սերժ Սարգսյանի քաղաքականության ակնհայտ ձախողումների առկայությամբ, և դա միայն մեծացնում է համընդհանուր նյարդայնությունը ՀՀԿ-ում: Եվ ահա այդ իրադրությունում գործի է դրվել կառավարման խորհրդարանական համակարգի անցման հնարքը: Դրա իմաստը սեփական թիմին յուրօրինակ ահազանգն է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իր իշխանությունը, սակայն` արդեն վարչապետի կարգավիճակով: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման որոշումը յուրօրինակ փրկօղակ է «կաղ բադի» և Սերժ Սարգսյանի անձնական իշխանության համար», — նշել է Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը համոզված է, որ հասարակությունը պետք է գիտակցի ՀՀԿ առաջնորդի այդ քայլի ողջ վտանգը: «Այդ հնարքն ունի միայն մեկ կիրառում, դրա նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը ցմահ դարձնելն է, մենք գիտենք, որ խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ժամկետների սահմանափակում չի լինում», — ասել է քաղաքական գործիչը: Նա կառավարման խորհրդարանական ձևի սկզբունքային կողմնակիցներին խորհուրդ է տալիս մտածել այդ մասին և հասկանալ, որ տվյալ դեպքում, եթե իրենք պաշտպանեն այդ սկզբունքը, դրանով իսկ միայն կնպաստեն Սերժ Սարգսյանի վարչակազմի «հավերժացմանը»: 

Նախորդ հոդվածը‘Air Armenia-ի առաջին չվերթը` հոկտեմբերի 27-ին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Համաներումը չի խանգարի Տիգրան Առաքելյանին՝ հասնել արդարության’