‘Զուրաբյան-Սարգսյան օֆշորային բանավեճ. Վարչապետն էլի չկարողացավ ապացուցել «ապացուցելին» ‘

1299

Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Տիգրան Սարգսյանին ուղղված հարցին՝ թե օֆշորային պատմությունից մաքրվելու վարչապետի ջանքերը այս կես տարվա մեջ ո՞ւր են հասել, և նա ի՞նչ ունի Ազգային ժողովին ասելու դրա վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ որևիցե մեկին չի լիազորել իր անունից օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, որևիցե մեկին լիազորագիր չի տրամադրել, և որպես վարչապետ՝ այդ տարիներին երբեք Կիպրոսում չի եղել, և նման ձեռնարկություն Կիպրոսում չէր կարող գրանցել: «Սրանք բոլորը ապացուցվող փաստեր են, իսկ այն, որ Կիպրոսում կարելի է գրանցել ձեռնարկություն ցանկացած մարդու անունով, մենք ինքներս դարձանք դրա վկա, այդ թվում՝ նաև մեռած մարդիկ կարողանում են գնալ և Կիպրոսում գրանցել ձեռնարկություն, այնպես որ,  փորձերը  վարկաբեկելու քաղաքական գործիչներին և ձևերը այդ վարկաբեկման գործիքների՝ բազմազան են»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Ի պատասխան վարչապետի ելույթի՝ Զուրաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե Սարգսյանն իրավացիորեն նշեց, որ օֆշորային սկանդալի հետ պնդումները ապացուցվող են, բայց դեռևս ապացուցված չեն, և խնդիրն էլ հենց այն է, որ վարչապետի ապացուցվող պնդումները դեռ ապացուցված չեն:

Հիշեցնենք, որ օֆշորային հայտնի սկանդալի հրապարակումից հետո անցել է արդեն գրեթե կես տարի, եւ Տիգրան Սարգսյանն ու մյուս ներգրավվածները այս ընթացքում միայն հայտարարում են, թե որեւէ կապ չունեն այդ պատմության հետ, սակայն իրենց խոսքերի ճշմարտացիության վերաբերյալ որեւէ ապացույց չեն ներկայացրել:

Ինչ վերաբերում է Սարգսյանի կողմից այսօր հնչեցված այն մտքին, թե այդ հարցը բարձրաձայնողների նպատակը իրեն վարկաբեկելն է, ապա Զուրաբյանը հակադարձեց, որ դրա մասին բարձրաձայնողների նպատակը ոչ թե վարչապետին վարկաբեկելն է, այլ մեր պետության վրայից այդ կեղտը մաքրելը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 1-ին այս թեմային անդրադարձել էր Երեւան ժամանած Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ հայտարարելով, որ անհնար է Կիպրոսում որևէ մեկին դարձնել օֆշորային կազմակերպության բաժնետեր՝ առանց տվյալ անձի թույլտվության:

 

Նախորդ հոդվածը‘Ամբաստանյալը փախել է դատարանի դահլիճից’
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայանի խողովակները պետք է մեծ լինեն ու առանց ջրաչափի՞. Լուսանկարներ ‘