‘Զուրաբյան. ՎՊ թվերով՝ ՀՀ-ում տարեկան վատնվում է 600 մլն դոլար (տեսանյութ)’

1189

Այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար ՀՀ վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկումը, որը, համաձայն օրենքի՝ պետք է ներկայացներ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Սակայն վերջինս, առանց բացատրության, չէր ներկայացել ԱԺ՝ իր փոխարեն խորհրդարան ուղարկելով ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: Այս հանգամանքը հակաօրինական և ոչ լեգիտիմ համարեցին ԱԺ 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և Ժառանգությունը: Վերջիններս բոյկոտեցին ՎՊ ծրագրի քննարկումը:

Խմբակցության տեսակետը ներկայացնելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, նշեց, որ Իշխան Զաքարյանին ԱԺ արգելել է գալ Սերժ Սարգսյանը: Չնայած բովանդակային քննարկման բոյկոտին՝ Զուրաբյանը, այնուամենայնիվ, մի քանի թիվ ներկայացրեց: Այսպես, նա նշեց, որ եթե ուղղակի թվաբանական գումարում անեք բոլոր այն վատնումների, չարաշահումների, անարդյունավետ ծախսերի, որ տրված են այդ հաշվետվության մեջ, կստանաք 50 մլրդ դրամ՝ գումարած 163 միլիոն դոլար գումարը: «Ընդհանուր՝ 140 միլիոն դոլարի վատնում, թալան, ինչպես ուզում եք՝ անունը դրեք, արձանագրված է այդ հաշվետվության մեջ: Ավելին, երկրորդը բանը, որ ես կուզեի նշել, ուրեմն՝ բոլոր այդ դեպքերում գնահատվել է, թե այդ վատնումները քանի տոկոս են կազմել ընդհանուր գումարից, եւ բոլոր այդ գնահատականները գնում են 15-20 տոկոսի միջեւ: Այսինքն, եթե մենք համարենք, որ սա է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների վատնման թիվը, տոկոսը, ապա տարածելով ամբողջ բյուջեի վրա՝ մենք կստանանք 600 միլիոն դոլարի գումար: Այսինքն, մենք նորից  հաստատում ենք այն հանգամանքը, որ առնվազն Վերահսկիչ պալատի բացահայտած թվերով Հայաստանում վատնվում է տարեկան կես միլիարդից 600 միլիոն դոլար: Սա խայտառակություն է»,- ընգծեց Լևոն Զուրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարը վիրավորել է Տավուշի մարզի Մովսես գյուղի 85-ամյա բնակչին’
Հաջորդ հոդվածը‘Փնտրվում է Իշխան Զաքարյանը . ՎՊ անդամները իրարամերժ տեղեկություններ են տալիս’