‘Զուրաբյան. Քառյակը կենսունակ է (լրացված, տեսանյութ)’

1526

Անցած քառօրյան շատ կարեւոր էր, որի ընթացքում ոչ միայն արծարծվեցին այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսին արտագաղթն է, ոչ միայն արձանագրվեց, որ այս նույն կառավարությունը շարունակում է ծառայել իշխանությանը, այլեւ ապացուցվեց նորից, որ ԱԺ ոչ իշխանական Քառյակը կենսունակ է: Այդ մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Զուրաբյանը նաեւ արձանագրեց, որ իշխանությունը չնայած ամեն ձեւով փորձում է կենտրոնանալ, նրանց լեզվով ասած՝ ԱԺ խրամատներում, բայց պետք է փաստել, որ իշխանությունը ջախջախված է:  

Նշենք, որ խոսքն այն մասին է, որ երեկվա նիստում Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը պետք է դրվեր քվեարկության, սակայն, մինչեւ օրվա վերջ քվեարկություն այդպես էլ տեղի չի ունեցել, այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ականները, ովքեր պետք է քվեարկեին այդ համաձայնագրի օգտին, լքել էին, Սերժ Սարգսյանի  բառապաշարով ասած՝ ԱԺ խրամատները, իսկ այդ վիճակում հարցը քվեարկության դնել՝ նշանակում էր այն տապալել: 

«Իշխանությունները շատ լավ հասկացել են, որ Ազգային ժողովում ընթացող բանավեճերի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա մեծ է: Նրանք նաեւ գիտակցում են, որ նախորդ քառօրյաներում արձանագրված պարտությունների շարքը էապես թուլացրել է իրենց դիրքերը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իշխանությունների նպատակներից մեկն է սահմանադրական փոփոխությունների շուրջ հակասությունների հիման վրա քառյակի պառակտումը: «Այս նպատակով նրանք փորձեցին կիրառել տարբեր տեսակի ճնշումներ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Արամ Ա-ն՝ Սպիտակ տանը’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի օրից կհրապարակվի Քառյակի հանրահավաքի օրը (լրացված, տեսանյութ)’