‘ԶՈւ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ստանդարտներով զորավարժությունները ‘

1230

Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում սեպտեմբերի 17-20-ը անց են կացվել եռօրյա զորավարժություններ, որոնց ընթացքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի չափորոշիչներով խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի շտաբային վաշտի փորձարկումը:

Ինչպես հայտնում է,  Panarmenian.net-ը, փորձարկումն իրականացրել են արտասահմանում համապատասխան վերապատրաստում անցած եւ ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված ՀՀ ԶՈւ սպաներ, որոնց աջակցում էր ՆԱՏՕ-ի երկրները ներկայացնող խորհրդատուների խումբը: Զորավարժանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին ԱՄՆ Կանզաս նահանգը ներկայացնող հրահանգիչներ:  

Զորավարժություններին մասնակցում էին խաղաղապահ բրիգադը ներկայացնող 600 զինվորականներ, ինչպես նաեւ՝ ՀՀ ԶՈւ ՌՕ ուժերի ուղղաթիռներ:

Զորավարժանքների ավարտին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ խորհրդատվական խմբերը բարձր են գնահատել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի մասնագիտական պատրաստականությունը՝ հատուկ ընդգծելով նրանց զինվորական կարգապահությունը:

Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակահատվածում, սեպտեմբերի 15-19-ը Արմավիրի Բաղրամյան ուսումնավարժարժական հրաձգարանում տեղի ունեցան ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» լայնածավալ զորավարժությունները, որի ընթացքում ի թիվս այլոց, Հայաստան ժամանեց նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: 

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի կոչը’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լ.Տեր-Պետրոսյանի ուղերձը 1991թ. սեպտեմբերի 20-ին’