‘ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նոր հերթափոխը մեկնեց Աֆղանստան’

2227

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ զորախումբը հունվարի 19-ին մեկնել է Գերմանիա: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, տեղեկացրել է  ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: 65 զինծառայողից բաղկացած խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը փետրվարի առաջին կեսին կուղևորվի Աֆղանստան՝ Կունդուզ նահանգի օդանավակայան, որտեղ էլ կիրականացնի իր խաղաղարար առաքելությունը: Կունդուզում գտնվող հայ խաղաղապահներն էլ կվերադառնան Աֆղանստան մեկնած խաղաղապահների նոր զորախմբի հետ տասը օր ծառայություն անցկացնելուց հետո:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:

2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն Մոուրինյոյին քննադատել է անարդար վերաբերմունքի համար’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Թեյմուրազյան. Բանականության ճգնաժամ կամ WTF?!’