‘«Զվարթնոցը» «Արմավիային» կզրկի ավիաօդերեւութաբանական տեղեկատվությունից’

901

«Արմավիա» ավիաընկերության պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին շարունակում են կուտակվել: Միայն «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությանը ազգային ավիափոխադրողի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 93 մլն 780 հազար դրամ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը, «Արմավիայի» հետ կապը խզվել է, նրանք չեն պատասխանում նույնիսկ հեռախոսազանգերին: «Մոտակա օրերս մենք դադարեցնելու ենք մեր ծառայությունները եւ ազգային ավիափոխադրողին չենք տրամադրելու ավիաօդերեւութաբանական տեղեկություն»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով` ազգային ավիափողադրողն ամեն տարի նմանատիպ խնդիրների առջեւ կանգնում է, բայց այս տարի պարտքերը գերազանցվել են: «Մենք մեր առջեւ նույնպես պարտավորություններ ունենք: «Արմավիա» ավիաընկերության չվճարելու պատճառով մենք կուտակել ենք 17 մլն դրամի հարկային պարտքեր, իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններին» էլ մեր պարտքը 14 մլն դրամ է»,-ասաց նա:

«Զվարթնոց» ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանի խոսքով` «Զվարթնոցը» շարունակում է սպասարկել «Արմավիայի» թռիչքները միայն քաղաքացիների շահերից ելնելով: «Մենք արդեն դիմել ենք դատարան: «Արմավիան», առանց մեզ հետ համագործակցության, թռիչք չի իրագործի»,-ասաց նա:

2011 թ. մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ «Արմավիան» կուտակել էր վեց ամսվա պարտք՝ 5,3 մլն դոլար: Իսկ 2012 թ. հոկտեմբերի 17-ին «Զվարթնոցը» կրկին հրաժարվեց սպասարկել «Արմավիայի» չվերթները, քանի որ պարտքը թույլատրելի շեմը գերազանցում էր 1 միլիոն դոլարով: Այդ ժամանակից թռիչքների սպասարկման հետ պարբերաբար խնդիրներ են առաջանում:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը մտադիր է կրճատել նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Hürriyet. Թուրք-ֆրանսիական հարաբերություններում «Օլանդի գարունը» երկար չի տեւի ‘