‘Զվարթնոցի հին համալիրը քանդելը կարժենա $2 մլն, իսկ ամրացնելը` $10-12 մլն’

957

Հանրային խորհրդում քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) հնարավոր քանդման հարցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:

Օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ օդանավակայանի նոր ուղեւորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես, «բաց երկնքի» քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի:

Մարսելո Վենդեն հավաստիացրել է, որ հին ուղեւորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու նպատակով, եւ կլոր շենքը քանդելու դեպքում որեւէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ հին ուղեւորային համալիրը քանդելը կարժենա մոտ $2 մլն, իսկ ամրացնելը` $10-12 մլն՝ միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը:

Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թ. կատարված՝ շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունը պարզել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի, սակայն կարող է դիմանալ մինչեւ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժին:

Հանրային խորհուրդը որոշել է քննարկել փաստաթղթերն ու տեղեկատվությունը, որի հիման վրա առաջիկա օրերին կգումարի լիագումար նիստ եւ որոշում կկայացնի: 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013թ. օգոստոսին դիմել էր Հանրային խորհուրդ հին մասնաշենքի հարցը քննարկելու առաջարկությամբ: Հանրային խորհրդի համապատասխան ենթահանձնաժողովները բացասական որոշումներ էին տվել հին մասնաշենքը քանդելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Նոր պարտադիր ապահովագրություն. Այս անգամ՝ բժշկական’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Քննիչը թաքցնում է ապացույցները’