‘«Զվարթնոց»-ի հին շենքը կարող են կրկին ընդգրկել պետական հուշարձանների շարքում’

844

Հոկտեմբերի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանի հին՝ կլոր շենքի հարցը քննարկվեց  Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում: Հիշեցնենք, որ «Արմենիա-միջազգային օդանավականներ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ այդ շենքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար: «Մենք պատրաստ են «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանը, բայց մտադիր չենք ժամանակ և գումար ծախսել հին շենքի պահպանմանը, որը չի համապատասխանում աէրոնավիգացիայի ժամանակակից պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ:

Արմինֆոյի փոխանցմամբ, ինչպես նիստում հայտարարել է օդանավակայանի հին շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը, շենքը հանդիսանում է պետության սեփականությունը, և ընկերությունը, որին կոնցեսիոն կառավարման է փոխանցվել «Զվարթնոցը», իրավունք չունի որոշում ընդունել այն քանդելու մասին: Նրա խոսքերով, շինությունը լիովին կարող է սպասարկել տարածաշրջանային չվերթները, այդ թվում նաև Ղարաբաղի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքների ուղղություններով:

Նա քննադատել է նաև կոնցեսիոն կառավարչի հայտարարությունն այն մասին, որ շենքը վտանգ է ներկայացնում, քանի որ ինչպես Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները (ԱԷԿ-ը, մի շարք ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունելը), այն նույնպես կառուցվել է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժին:

Այս կապակցությամբ նա հայտարարել է նախաձեռնող խումբ ստեղծելու իր պատրաստակամության մասին, որը կդիմի ՀՀ կառավարությանը, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի համար գտնել նոր վարձակալի: Իր կողմից, ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին դիմելու առաջարկով, պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանի շենքը վերադարձնել պետական հուշարձաների ցանկ: Նրա խոսքերով, շենքն այդ ցուցակում է եղել մինչև 2001 թվականը: Պողոսյանը նշել է, որ, որպես փորձագիտական խմբի անդամ, ինքը վստահ է, որ նման որոշում կընդունվի, և շինությունը կգտնվի պետության պահպանման ներքո: Պողոսյանի առաջարկը ենթահանձնաժողովի անդամներն ընդունել են միաձայն:

 

Նախորդ հոդվածը‘Տատա Մարտինոն և Սանդրո Ռոսելը քննարկել են ապագա տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘ԱրմենՏելը փոփոխում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագինը ‘