‘Զ.Փոստանջյանը՝ վարչապետին. «Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից»’

1107

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում «Ինչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան» վերտառությամբ մարզպետարանի նախօրեին հրապարակված հայտարարության վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի հարցման տեքստում ասվում է.
 
« Հարգելի պարոն Սարգսյան,
 
Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում  հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած  հանցագործության մասին՝ իբրև ճշմարտության վերաբերյալ տեղեկատվություն:  Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»:
 
Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.
 
1. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է հետապնդում անօրինական նպատակ: 
2. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:
3. Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և հայտնել՝ ու՞մ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում:
4. Պատրաստվում ե՞ք վերացնել ապօրինությունը և միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:
5. Պատրաստվում ե՞ք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝  նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայք-էջը ապօրինի օգտագործելու համար:
 
Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը»:

Նախորդ հոդվածը‘Իսպանիա-Ռուսաստան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նահանգներից մեկում ապրանքային քարտեր են մտցվում’