‘Զ. Փոստանջյանը պահանջում է Տարոն Մարգարյանին կանչել քրեական պատասխանատվության. Դատական նիստ’

1053

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր՝ փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ: Այս մասին գրում է aravot.am-ը:

Ըստ դիմումի՝ Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն և Փակ շուկայի կառուցապատողին անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը. «Երևանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման»:

Զարուհի Փոստանջյանը պահանջում է շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կանչել քրեական պատասխանատվության:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր նաև ՀՀ ոստիկանություն, սակայն Կենտրոնական բաժնի հետաքննիչը որոշել է մերժել այն:

Այսօր դատական նիստում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը միջնորդություն ներկայացրեց իրեն տրամադրել գործի նյութերը, որովհետև մինչ այդ ինքը չէր հասցրել ծանոթանալ: Նա բացատրեց, որ առավոտյան ժամը 9-ին դիմել է դատարանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար՝ մտածելով, որ մինչ նիստը սկսելը բավարար կլինի դա, սակայն իրեն չեն տրամադրել: Դատավոր Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է դատարանը տա ձեզ: Նյութերը դատարանի տրամադրության տակ են եղել վաղուց, կարող էիք գալ, ծանոթանալ: Բարի լինեիք մինչ այդ ծանոթանալ»:

Միջնորդությունը մերժեցին՝ ասելով, որ «Միտում ենք տեսնում դատական նիստերը հետաձգելու»: Սակայն ավելի ուշ, երբ Հերմինե Միքայելյանը պնդեց իր միջնորդությունը 2 աշխատանքային օր տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու. «Քննիչի ներկայացրած նյութերի մեջ կային պատճառաբանություններ, որ կարող է բողոքը լրացնելու խնդիր լինի»: Միջնորդությունը բավարարվեց, և գործի քննությունը հետաձգվեց:

Նախորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Ռոբերտ Արզումանյանը՝ գոլի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում ‘