‘Է՞լ քանի նախապայման է Սերժ Սարգսյանն «անվիճելի» կերպով ընդունել ‘

2040

Այսօր Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը:

Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը, պայմանագիրը իրենց երկրի խորհրդարանում ներկայացնելու ժամանակ նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի մտնի այդ միություն:

Հատկանշական է, որ փոխնախարարի խոսքով՝ պայմանագրին կցվել է նոտա՝ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մասը, ինչի վերաբերյալ հայկական կողմը պաշտոնական բանավոր հայտարարություն է արել, այսինքն՝ համաձայնել է:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքելով Բելոռուսում արված հայտարարություններին, հիշեցրել է, որ դեռ ամիսներ առաջ Շավարշ Քոչարյանը պարզաբանում է տվել եւ ներկայացրել հայկական կողմի տեսակետը ԼՂՀ հարցի վերաբերյալ, այն է՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս:

Առաջին հայացքից, «Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս» ձեւակերպումը տհաճ է հայ ընթերցողի համար, եւ դրա առաջացրած բացասական արձագանքները՝ հասկանալի: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ այս ձեւակերպումն արդեն արդեն երկար տարիներ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ԼՂ կարգավորման բանակցություններում՝ ԼՂՀ-ը դե յուրե ՀՀ մասը չէ, եւ միջազգային ասպարեզում ՀՀ-ը ընդամենը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավորի դերում:

 

Խնդիրն այն է, որ պայմանագրում վերոհիշյալ կետի առկայության մասին, որպես նախապայման, խոսվում է ԵՏՄ անդամակցության ըստ էության վերջին փուլում եւ այն էլ՝ հատուկ շեշտադրումով, որ Հայաստանը պաշտոնական բանավոր համաձայնություն է տվել Ղարաբաղի՝ ԵՏՄ տարածքից դուրս մնալուն: Առավելեւս, որ նման շեշտադրումով փաստի մասին տեղեկանում  ենք ոչ թե ՀՀ իշխանույուններից, այլ օտար պետության ներկայացուցիչներից:

Անմիջապես հարց է առաջանում, Սերժ Սարգսյանի կողմից ստորագրած քանի՞ այդպիսի պայամագրեր կան, որտեղ նախապայմանները ընդունվել են անվիճելի կերպով, իսկ դրանց բովանդակությունը գաղտնի է մնացել:

 

Նախորդ հոդվածը‘ՌՔԿ-ն ստուգում է Կադիրովի խոսքերը իրավապաշտպան Կալյապինի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ահաբեկչական հարձակումների վերաբերյալ’