‘Էբոլայի վիրուսակիրները’

1780

Մի անգամ կապիկն ու ագռավը ինքնաթիռով ճամփորդելիս` օդանավի մեջ մի լավ հարբելուց հետո սկսում են աջուձախ համը հանել: Մեկ` ուղեկցորդուհիներին են սեռական բնույթի առաջարկներ անում, մեկ` ուղևորներին են հայհոյում, մեկ` օդաչուից փորձում են ղեկը խլել, որ իրենք վարեն օդանավը: Բոլոր ուղևորներին ու օդանավի անձնակազմին այնքան են զզվեցնում, որ սրանք միաձայն որոշում են այդ երկու անկարգ ուղևորներին օդանավից շպրտել դուրս և անմիջապես` համատեղ ջանքերով  ի կատար են ածում են այդ որոշումը:

Ընկնելու ճանապարհին՝ հանկարծ կապիկն ուշքի է գալիս օդում ու հասկանում, որ ազատ անկում է կատարում դեպի գետին, ինչը հղի է անխուսափելի մահով և, դիմելով իր ընկեր ու «հանցակից» ագռավին` հարցնում է, թե առանց օդապարիկի, ոնց խուսափի մահից: Ագռավը պատասխանում է. «Եթե թևեր չունեիր, բա էլ ինչի՞դ վրա էիր հույսդ դրել, որ օդանավում քեզ այդպես էիր պահում»:

Այս անեկդոտը հիշեցի Ալիևի և Սարգսյանի ռազմատենչ հայտարարությունները լսելուց հետո. երկու երկրների ի պաշտոնե ղեկավարները մեկմեկու սպառնում էին «բոլիստիկ» ռումբերով ոչնչացնել միմյանց. մեկը` Երևանը հավասարեցնել հողին, մյուսն էլ` Բաքուն դարձնել Աղդամ: 

Իրենց այս պահելաձևով նրանք այնքան են զզվեցրել սեփական ժողովուրդներին, որ ամեն պահի կարող է համբերության բաժակը լցվել, և այս անեկդոտի նման` դուրս շպրտվեն «օդանավից», ու պարզվի` երկուսն էլ «թևեր» չունեն, պարաշյուտն էլ սարքին չէ:

Այս հայտարարությունների ֆոնին, մեկ էլ այս «հերոս» տղերքին իր մոտ է կանչում ՌԴ նախագահը և ասում, որ խելոք պահեն իրենց «օդանավում», այլապես չի սպասի ժողովրդի ընդվզմանը, այլ ինքը կիրականացնի «շպրտման» գործընթացը, ու դրանից հետո և՛ սահմանային միջադեպերն են նվազում, և՛ ռազմաշունչ հռետորիկան ու «թվիթերյան պոստերն» են ցամաքում:

Այստեղ են ռուսներն ասում՝ չես կարողանում գոռալ, ինչու՞ ես բերանդ բացում: Սակայն, դժվար թե սրանք սսկվեն ու դադարեցնեն ինքնահաստատման փորձերը: Սա ընդամենը ժամանակավոր դադար է. մի քիչ ժամանակ կանցնի, որից հետո երկուսն էլ կհամարեն, որ այս ամենն արդեն մոռացվել է ու կրկին՝ սեփական ժողովուրդների անմեղ արյան գնով կփորձեն երկարաձգել իրենց իշխանությունը «օդանավում»:

Խոսքս ոչ թե Սարգսյանի և Ալիևի մասին է, այլ ագռավի ու կապիկի, ու քանի դեռ օդանավում գտնվողներն իրենց մեջ վճռականություն չեն գտել ու դուրս չեն շպրտել այս երկու կենդանիներին, օդանավը դատապարտված կլինի կործանման:

Մինչ գրվում էր այս երգիծական տեքստը, մեկ էլ` հայկական մամուլում տարածվեց լրատվություն այն մասին, որ Էբոլայով վարակված երկու կապիկ Գվինեայից հայտնվել է Հայաստանում, որից մեկն արդեն սատկել է, իսկ մյուսին տարել են հետազոտման:

Դարդներս քիչ էր, հիմա էլ էբոլայի համաճարակ պետք է կանխենք:

Չլինի՞ այս կապիկներից մեկն այն նույն ինքնաթիռում եղած անեկդոտի կապիկն է:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ «Բորուսիային» որքան հնարավոր է շատ оգուտ բերել»’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված, ոչ սթափ վարորդը բախվել է Ֆորդին. 10 տուժած’