‘Էդիկ Մինասյանի կարծիքով՝ իրեն վստահում են. «Ինչի՞ պետք է չվստահեին, կեղծո՞ւմ եմ ես, ի՞նչ եմ անում»’

1121

Այսօր «Հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օրն է» թեմայով ասուլիսից հետո, որի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, iLur.am-ը հետաքրքրվել է Մինասյանից, թե ինչ է կարծում՝ պատմության դասագրքի աղմկահարույց սկանդալից հետո մարդիկ իրեն շարունակո՞ւմ են վստահել, որ ինքն էլ ասուլիսներով է հանդես գալիս:

«Իհարկե, վստահում են, ինչի՞ պետք է չվստահեին: Կեղծո՞ւմ եմ ես, ի՞նչ եմ անում: Մարդուն պետք չէ վարկաբեկել ու մարդու արածը, ներդրումը ոչնչացնել և շատ դեպքերում ոչ ճշմարիտ, ոչ ճիշտ, խեղաթյուրված տվյալներով մարդու մասին պատկերացում կազմել»,- պատասխանեց Մինասյանը՝ հավելելով, որ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի զգացել ու հատուկ անձնական նկատառումներով մարդուն վարկաբեկելը չի ընդունում:

«Վերաբերմունքի և այլնի առումով ես միանշանակ ձեզ ասեմ՝ ես իբրև պատմաբան՝ ինձ երբեք վատ մասնագետ չեմ համարել, դուք էլ կարող եք ցանկացածից հարցնել: Ցանկացած հարցում մեկնաբանություն անելիս կամ պատմական դեպքեր, իրադարձություններ ներկայացնելիս առաջին շահը պետք է լինի օբյեկտիվությունը, էս մեկը ես ընդունում եմ, և ինքս էլ դրանով առաջնորդվում եմ»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե հասարակության որոշ շրջանակներում, որոնք իրեն որպես մասնագետ չեն ճանաչում, ինքը տպավորված է որպես մարտի 1-ի պատմությունը կեղծող, Մինասյանն ասաց. «Եթե չեն ճանաչում, իրենց խնդիրն է»: Մեր հարցին, թե հայտնի սկանդալից հետո արդյոք բացասական վերաբերմունք չի՞ նկատել իր նկատմամբ, նա պատասխանեց. «Իհարկե, սկզբից նկատելի էր, բայց աստիճանաբար փոխվեց վերաբերմունքը, որովհետև ես միայն մի շրջանի մասնագետ չեմ»,- եզրափակեց դեկանը:

Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանի հեղինակած «Հայոց պատմության» դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ամբողջ պատասխանատվությունը դրվում է ընդդիմության վրա: Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ «միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին»։

Նախորդ հոդվածը‘Կամո Արեյանը՝ Երևանի փոխքաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Բ Խումբ’